Մատչելիության հղումներ

Դատավորը՝ Շիրխանյանին․ «Ձեր շինած երկիրն է, ի՞նչ ես ուզում»


Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, արխիվ:
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, արխիվ:

Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանում հայտարարեց, որ դատավոր Արմեն Բեկթաշյանը «Ձեր շինած երկիրն է, ի՞նչ ես ուզում» և ավելի կոշտ արտահայտություններով է խոսել իր պաշտպանյալի հետ:

Ըստ փաստաբանի՝ նախորդ նիստի ժամանակ, երբ առողջական խնդիրներ ունեցող 70-ամյա Շիրխանյանը ոտքի չէր կանգնել ու դիմելով դատավորին ասել էր՝ չես հասկանում, ի՞նչ ցավեր ունեմ, դատավորը դա իր հասցեին ուղղված վիրավորանք ընդունելով, նրան հեռացրել է դահլիճից:

Ըստ Ալումյանի՝ դատավորը չի բավարարվել միայն սանկցիայով․ միջանցքում դարանակալել է Շիրխանյանին, ում աթոռով գրկած դուրս են բերել նիստերի դահլիճից, ու սկսել է նրա հետ հաշիվներ պարզել:

«Փորձել եք հաշիվ պահանջել այն բանի համար, որ պարոն Շիրխանյանը հանդգնել է Ձեզ չհասկացող անվանել: Այսքանը ես ականատես եմ եղել անձամբ: Տեսնելով, որ տեղի ունեցածը երևում է դահլիճից, կարգադրիչները փակել են դուռը, որից հետո, արդեն պարոն Շիրխանյանի պատմելով, Դուք նրան ասել եք հետևյալը՝ դու ո՞վ ես, որ ասես չի հասկանում: Սա մի արտահայտություն: «Ձեր շինած երկիրն ա, ի՞նչ ես ուզում»․ սա երկրորդ արտահայտությունը: «Ես քեզանից շատ բան եմ արել այս երկրի համար»․ սա երրորդ արտահայտությունը: «Դերասա՛ն, դու ոչ մի հիվանդ չես, դու նույնիսկ վազում ես, մատներիդ վրա ես սաղին ֆռռացնում»․ սա չորրորդ արտահայտությունը, որը, ըստ պարոն Շիրխանյանի, Դուք էստեղ արել եք», - Բեկթաշյանին դիմելով՝ ասաց փաստաբանը:

Ալումյանի հայտարարությունները քմծիծաղով լսող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այդպես էլ չարձագանքեց դրանց, միայն հայտարարեց՝ նիստը հետաձգվում է երկու փաստաբանների բացակայության պատճառով:

Ի դեպ, Նոր Նորքի զինված խմբի գործով դատական նիստն այս անգամ էլ ուշացումով սկսվեց: Այսօր նիստերի դահլիճ չէր բերվել Շիրխանյանը: Նախորդ նիստի ընթացքում նրա նկատմամբ սանկցիա էր կիրառվել, ոտքի չկանգնելու համար, և Շիրխանյանը երեք ժամով հեռացվել էր դահլիճից:

Նրա պաշտպանը, դիմելով դատավորին, ասաց, որ պատրաստվում է վերջինիս ինքանբացարկի միջնորդություն ներկայացնել:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբանն ասաց, թե նիստերը միտումնավոր են ձգձգվում, և որ դատավորի պահվածքի առնչությամբ դիմելու է Արդարադատության խորհուրդ:

Այս խորհուրդը կարող է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել, առաջարկ ներկայացնում Հանրապետության նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին, դատավորին կալանավորելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին և ոչ միայն:

Ալումյանը նաև ասաց․ - «Ինքնաբացարկի միջնորդությունը կներկայացվի հենց առաջին իսկ հնարավորության դեպքում․․․ Իմ մոտ մի միտք առաջացավ․ միգուցե դատավորը ինքը էնպիսի բաներ է ասել, որպեսզի ստիպված լինի դրա հիման վրա ինքնաբացարկ հայտնել: Ուրիշ ո՞նց կարելի է բացատրել դատավորի այսպիսի խոսելաձևը, էսպիսի մոտեցումը»:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մեղադրվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելու, նաև իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մասնակցելու մեջ: Նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում:

2015-ի նոյեմբերին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է զինված խմբավորման 9 անդամների՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ: 33 անձի մեղադրանք էր առաջադրվել: Ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը կալանավորված են, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Ըստ ԱԱԾ-ի, հանցավոր խումբը բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նպատակ է ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG