Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ին մտահոգում է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը


ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկ, արխիվ
ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկ, արխիվ

ՄԱԿ-ը չափազանց մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ: Այս մասին, ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

«Ինձ հարցրել են Լեռնային Ղարաբաղում շարունակվող լարվածությանը մեր արձագանքի մասին: Ինչպես հունիսի 22-ի հայտարարությունում ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, մեզ ավելի ու ավելի է մտահոգում անվտանգության իրավիճակի վատթարացումը, այդ թվում՝ շփման գծի ողջ երկայնքով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերջին խախտումները», - հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարը:

«Մենք ի գիտություն ենք ընդունել և սատարում ենք [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահների վերջին հայտարարությունը հուլիսի 4-ին Ֆիզուլիի շրջանի Ալխանլը գյուղում բռնության վերսկսման առնչությամբ, որի հետևանքով զոհեր եղան, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում», - ասել է Դյուժարիկը՝ հակամարտող կողմերին կոչ անելով խուսափել ռազմական գործողություններից և քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման, հետագա բռնությունների կանխման ուղղությամբ:

«Բարի կամքի դրսևորմամբ բանակցային սեղանի շուրջ շուտափույթ վերադարձը այս տևական ու վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է», - շեշտել է ՄԱԿ-ի խոսնակը:

Հուլիսի 4-ին իրավիճակը շփման գծում կտրուկ սրվել էր: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի՝ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին: Ադրբեջանական կողմը հաղորդեց, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով քաղաքացիական անձինք են զոհվել։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG