Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթ, արխիվ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի՝ երեքշաբթի օրը տեղի ունեցած խախտումներով, որոնց հետևանքով շփման գծի մերձակայքում քաղաքացիական անձինք զոհվեցին, «այդ թվում, հնարավոր է, երկու տարեկան երեխա»: Այդ մասին հինգշաբթի օրը Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը:

«Ցանկանում ենք մեր սրտանց ցավակցությունները հղել այդ զոհերի ընտանիքներին», - ասել է Նաուերթը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ», - Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ընդգծել է Նաուերթը:

«Մեր քաղաքականությունը տարածաշրջանում հստակ է մնում․ այդ հակամարտության միակ լուծումը կարգավորումն է բանակցությունների ճանապարհով՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որ ներառում է հավատարմություն ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներին», - հայտարարել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Հուլիսի 4-ի երեկոյան, հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ադրբեջանական կողմի՝ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների մասին, որոնց հետևանքով հակառակորդը կորուստներ ունի: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով Ալխանլու գյուղում զոհվել են 50-ամյա կին և 2 տարեկան երեխա, ևս մեկ կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են:

Հուլիսի 4-ի իրադարձությունների առնչությամբ հաջորդ օրը հրապարակած հայտարարությունում համանախագահները կողմերին կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG