Բաքուն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարարության՝ այսօր տարածած հայտարարությանը, որում Մոսկվան դարձյալ մտահոգություն էր հայտնել Ադրբեջանում Ռուսաստանի հայազգի քաղաքացիների հանդեպ շարունակվող խտրական վերաբերմունքի կապակցությամբ՝ վերահաստատելով Ռուսաստանի վճռականությունը՝ իր քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման հարցում:
Ադրբեջանի արտգործնախարարությանը զարմացրել է հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիներին երկիր մուտք գործելիս ստուգման ենթարկելու գործընթացի հանդեպ՝ ՌԴ արտաքին գերատեսչության արձագանքը, գրում է ադրբեջանական minval.az կայքը:
«Ռուսաստանի ԱԳՆ-ի արդեն երկրորդ հայտարարությունը հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիներին երկիր մուտք գործելիս ստուգելու հարցի առնչությամբ՝ զարմանք է առաջացնում և անհասկանալի է»,- ըստ minval.az-ի, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, ընդգծելով, որ ՌԴ արտգործնախարարության հաղորդումը «դուրս է դիվանագիտական էթիկայի սահմաններից»:
«Այս հայտարարությունը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության ոգուն»,- նաև նշված է Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո ծառայության հաղորդման մեջ: Դրանում պաշտոնական Բաքուն նշում է նաև, թե երկու երկրների միջև 25-ամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության ընթացքում այդ հարցը երբեք օրակարգային չի եղել, «հետևաբար դժվար է հասկանալ դրա վերաբերյալ ռուսական կողմի ակտիվության պատճառը»: