Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը կոչ է անում դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները


Այսօր Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որում Եվրամիության երկրներին ու Եվրահանձնաժողովին կոչ է անում անհապաղ դադարեցնել Անկարայի հետ բանակցային գործընթացը, եթե թուրքական իշխանություններն անհրաժեշտ փոփոխություններ չկատարեն երկրի արդեն իսկ փոփոխված Սահմանադրության մեջ:

Եվրախորհրդարանի գնահատմամբ՝ ապրիլի 16-ին Թուրքիայում հանրաքվեի դրված սահմանադրական բարեփոխումների նախագիծը, Վենետիկի հանձնաժողովի զեկույցի համաձայն, չի համապատասխանում իշխանությունների բաժանման հիմնարար սկզբունքներին և «Կոպենհագենյան չափանիշներին»: «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ պարտադրող ուժ չունեցող բանաձևի օգտին քվեարկել են Եվրախորհրդարանի 477 պատգամավոր, դեմ են քվեարկել 64-ը, ձեռնպահ՝ 97-ը:

Փաստաթուղթը քննադատում է նաև անցած տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը, ԵՄ երկրներին կոչ է անում արգելել Քուրդիստանի բանվորական կուսակցության խորհրդանիշները, Թուրքիային էլ հորդորում է հրաժարվել «Աքքույու» ատոմակայանի շինարարությունից: Միևնույն ժամանակ՝ Եվրախորհրդարանը Եվրամության երկրներին ու Եվրահանձնաժողովին խորհուրդ է տալիս շարունակել սերտ համագործակցությունը Թուրքիայի հետ առևտրատնտեսական, էներգետիկայի, փախստականների հարցերի ու ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում՝ «ելնելով ընդհանուր շահերից»:

Պաշտոնական Անկարան բավական խիստ է արձագանքել Եվրախորհրդարանի ընդունած այս որոշմանը՝ այն համարելով «միակողմանի և ոչ օբյեկտիվ»: «Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է: Այդ փաստաթուղթը լրջորեն կվնասի Եվրախորհրդարանի հեղինակությունը: Թուրքիան չի ճանաչում այդ բանաձևը»,- ասված է Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարության մեջ: Թուրքիայի արտաքին գերատեսչության համոզմամբ՝ բանաձևը դրականորեն չի անդրադառնա նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունների վրա:

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը ևս անընդունելի է որակել Եվրախորհրդարանի հիշյալ բանաձևը, հայտարարելով՝ Թուրքիան այն հաշվի չի առնի և նույնությամբ հետ կուղարկի՝ առանց քննարկելու: Նախարար Չելիքի պնդմամբ՝ եվրոպական մի շարք երկրներ փորձում են «խափանել ԵՄ-Թուրքիա հարաբերությունները»:

Եվրախորհրդարանն արդեն երկրորդ անգամն է Թուրքիայի վերաբերյալ նմանօրինակ բանաձև ընդունում: Անցած տարվա նոյեմբերին Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քվեների մեծամասնությամբ հաստատել էին Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունների ժամանակավոր դադարեցման մասին բանաձևը: Դրանում եվրոպացի խորհրդարանականները խստորեն դատապարտել էին «այն անհամաչափ պատժիչ գործողությունները», որոնք հաջորդեցին հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձին: Այն ժամանակ ևս թուրքական իշխանություններն անընդունելի որակեցին Եվրախորհրդարանի ընդունած փաստաթուղթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG