Մատչելիության հղումներ

Շիրակի պետհամալսարանում դիմորդների թվի աճ է գրանցվել


Շիրակի պետական մանկավարժական համալսարանի շենքը
Շիրակի պետական մանկավարժական համալսարանի շենքը

Չնայած հանգամանքին, որ այս տարի ողջ հանրապետությունում շուրջ 20 տոկոսով նվազել է շրջանավարտների թիվը, Շիրակի մանկավարժական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի խոսքով՝ իրենց բուհում դիմորդների թվի աճ է գրանցվել:

«Շիրակի պետական համալսարան անցած տարվա համեմատ շուրջ 100-ով ավելի դիմորդ է դիմել: Սա ինքնին խոսուն փաստ է և միանշանակ վերագրվում է մեր բուհի վարկանիշին»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ռեկտորը:

Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտը մի քանի ամիս առաջ է համալսարանի կարգավիճակ ստացել, այս տարի բուհն ընդունելությունների քննությունները կազմակերպեց արդեն նոր կարգավիճակում: Դիմորդների թիվն, ընդ որում, աճել է՝ չնայած այն հանգամանքին, որ բուհի 6 ֆակուլտետներից 4-ն է մնացել: Ռեկտորը կատարված վերամիավորումները օպտիմալացում չի համարում և վստահեցնում է, որ կադրերի կրճատումներ չեն եղել․ «Կադրերի կորուստներ չենք ունեցել, ունեցել ենք պաշտոնների փոփոխություններ»:

Շիրակի մանկավարժական համալսարանն այս տարի ուսուցում է սկսում մի քանի նոր մասնագիտությունների գծով: Ռեկտորի խոսքով, աշխատաշուկայում այժմ մեծ պահանջարկ ունեն զբոսավարները: Մի քանի այլ մասնագիտությունների գծով ևս նոր բաժիններ են բացվել, մասնավորապես՝ սոցիոլոգիա, իրավագիտություն: Տարեցտարի նվազում է ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժինների պահանջարկը:

Թեև ուսանողները քչացել են, բայց բուհը պահում է այս մասնագիտությունները, ասում է ռեկտորը․ «Բուհն իր տնտեսումների, միջոցների հաշվին այս մասնագիտությունները պահում է, որպեսզի կարողանանք հանրակրթական դպրոցն ապահովել մասնագետներով»:

Սահակ Մինասյանը նաև ասաց, որ ուսանողների վարձավճարների բարձրացում չի լինի: Հայաստանում ամենաաղքատը համարվող Շիրակի մարզում ուսանողներից շատերը կանգնած են ուսման վարձավճարների մուծման դժվարության առաջ: Սահակ Մինասյանն ասաց՝ նախկինում վճարումների ուշացումների պրակտիկա եղել է, հիմա դա բացառվում է:

«Գրեթե ցանկացած ուսանողի խնդիրը կառավարությունը հոգացել է՝ ուսանողական վարկերի, սոցիալական փաթեթների միջոցով: Ուսանողն իրավունք չունի վարձավճարը տարիներով կամ ամիսներով չմուծել: Նախկինում եղել է այդ ավանդույթը, հիմա կտրականապես չենք անում»,- շեշտեց Շիրակի մանկավարաժական համալսարանի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG