Մատչելիության հղումներ

Խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների ներքաշելը միջազգային նորմերի կոպիտ խախտում է. ՊՆ խոսնակ


Խաղաղ բնակիչներին մարտական գործողությունների ներքաշելն արդեն միջազգային նորմերի կոպիտ խախտում է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Ադրբեջանը նման գործելաոճ դրսևորում է դեռ արցախյան պատերազմի առաջին փուլից։

«Եթե հիշեմ նույնիսկ վերջին վեց ամսվա պատմություններն, առնվազն երեք ապացույց մենք ունեցել ենք՝ երկուսը մենք ենք ներկայացրել, մեկը՝ իրենք՝ անզգուշաբար, թե ինչպես են իրենք հրանոթը դրած իրենց գյուղում՝ կրակում մեզ վրա։ Լավ հիշում եմ՝ աղմուկ բարձրացավ իրենց տեսանյութի հետ կապված, երբ որ ցույց էին տալիս, որ գյուղի մեջից D44 հրանոթները կրակում են մեզ վրա ու տեսանյութ էին տարածել, թե ինչպես են մերոնք կրակում իրենց D44-ի վրա։ Էդ պահն իրենք ֆիքսել էին՝ իրենց ժողովուրդը կանգնած մի քանի մետրի վրա, մերոնք ճշգրիտ խփում են իրենց հրանոթներին, բայց այդ երեխեքն արդեն թիրախավորված էին, որովհետև շատ մոտ էին կանգնած այդ հրետանային մարտկոցին: Դա արդեն միջազգային նորմերի խախտում է՝ խաղաղ բնակչությանը ներքաշել մարտական գործողությունների մեջ և թիրախավորել այդ առումով», - ասաց Հովհաննիսյանը։

«Կուզենայի ուղղակի ադրբեջանական հանրությանը հերթական անգամ հիշեցնել, որ երբ որ դուք ինչ-որ հրճվանքով նայում եք ձեր գյուղից ոնց են կրակում հայկական դիրքերի ուղղությամբ, պետք է հասկանաք, որ ի վերջո հայկական բանակը, կոնկրետ՝ Պաշտպանության բանակը, ինքնապաշտպանվելու իրավունք ունի, և այդ իրավունքն այն է, որ ինքը պատասխան կրակ է բացում՝ ոչ թե նախահարձակ, այլ՝ պատասխան կրակ, և այդ պատասխան կրակից ձեր այդ հրճվանքների հետևանքով կարող է մարդ մահանալ, քաղաքացիական մահանա», - շեշտեց Հովհաննիսյանը։

Նշենք, որ հուլիսի 4-ին երեկոյան Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդեց, որ տարբեր հատվածներում ադրբեջանական զինված ուժերը կեսօրից սկսել են արկակոծել հայկական դիրքերը, իսկ արդեն երեկոյան Ֆիզուլիի ուղղությամբ գտնվող Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից հրթիռակոծել են հայկական զորամասերից մեկի հրամանատարական կետը։ Այնուհետև Պաշտպանության բանակը հայտնեց, որ պատասխան գործողությունների է անցել և հարվածել Ալխանլու գյուղում գտնվող կրակակետին։ Ադրբեջանական լրատվամիջոցները նույն օրը ուշ երեկոյան հաղորդեցին, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով Ալխանլու գյուղում զոհվել են 50-ամյա կին և 2 տարեկան երեխա, ևս մեկ կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG