Սահմանին լարվածության աճը կապված է այսօր Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի հետ։ «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
«Եթե դու չես ուզում բանակցել, պարզ է, որ պետք է կրակես, և նաև կարծում եմ, որ սահմանին լարվածության ալիքը կապված է Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի հետ. իրենք ուզում են, որ գագաթնաժողովի օրակարգում մտնի նաև Ղարաբաղի հարցը։ Իրենք հասկանում են գլխավոր օրակարգային հարցերը՝ Սիրիայի հարցն է, ահաբեկչության դեմ պայքարի հարցն է, Հյուսիսային Կորեայի հարցն է, էդ ֆոնի վրա Ղարաբաղի հարցը չի նայվում։ Նույնիսկ պարզ չի` Ուկրաինայի հարցը կմտնի՞ օրակարգ, թե՞՝ ոչ, էդ ֆոնի վրա Ղարաբաղի հարցը լուրջ հարց չէ, իհարկե` շատ լուրջ հարց է, բայց ամեն ինչ համեմատական է։ Ու ես կարծում եմ, որ իրենք ուզում են աշխարհի ուշադրությունը սևեռել Ղարաբաղի հարցի վրա», - ասաց քաղաքագետը։
Նշենք, որ հուլիսի 4-ին երեկոյան Ղարաբաղի Պաշտպանության բանակը հաղորդեց, որ տարբեր հատվածներում ադրբեջանական զինված ուժերը կեսօրից սկսել են արկակոծել հայկական դիրքերը, իսկ արդեն երեկոյան Ֆիզուլիի ուղղությամբ գտնվող Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից հրթիռակոծել են հայկական զորամասերից մեկի հրամանատարական կետը։ Այուհետև Պաշտպանության բանակը հայտնեց, որ պատասխան գործողությունների է անցել և հարվածել Ալխանլու գյուղում գտնվող կրակակետին։ Ադրբեջանական լրատվամիջոցները նույն օրը ուշ երեկոյան հաղորդեցին, թե հայկական կողմի արկակոծության հետևանքով Ալխանլու գյուղում զոհվել են 50-ամյա կին և 2 տարեկան երեխա, ևս մեկ կին վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Ապրիլյան պատերազմի սկիզբը եղավ երեխայի մահը, այս անգամ կրկին երեխա է մահացել. հարցին, թե սա կարո՞ղ է դառնալ լուրջ բախման սկիզբ, քաղաքագետը պատասխանեց. - «Ամեն ինչ կարող է լինել, մենք պետք է պատրաստ լինենք, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք պրովոկացիոն քաղաքականություն են վարում, ակնհայտ դա երևում է, այո՛, հրահրեն նոր պատերազմ։ Բայց մենք՝ հայերս պետք է միանշանակ ցավակցենք այդ զոհերի հետ կապված։ Քաղաքացիական մարդիկ, երեխաները իրենք մեղավոր չեն, որ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը էսպիսի դաժան քաղաքականություն է։ Ես ուրախ եմ, որ մեր հասարակությունը մտահոգված է, որ զոհվում են նաև քաղաքացիական ադրբեջանցիներ, քաղաքացիներ, հասարակ մարդիկ»։
Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանն ավելի ուժեղ պետք է բարձրացնի ռազմական հանցագործության հետ կապված հարցը։ «Զինատեսակները, զենքերը տեղակայվում են ադրբեջանական գյուղերի կենտրոնում, ու կրակում են՝ իմանալով, որ մենք պետք է պատասխանենք։ Մեր Պաշտպանության բանակը շատ ճիշտ կետային պատասխան տվեց, բայց Ադրբեջանում հասարակ մարդիկ պատանդ դարձան Ադրբեջանի իշխանություններին», - ասաց քաղաքագետը, չբացառելով, որ այդ քաղաքացիների մահը կարող էր հենց ադրբեջանական կողմը կազմակերպած լինել՝ միջազգային հարթակներում մեծ աղմուկ բարձրացնելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․