Արգենտինայի արտաքին հարաբերությունների և պաշտամունքի նախարարության և Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Բուենոս Այրեսում չորեքշաբթի օրը տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Արգենտինայի դիվանագիտական գերատեսչության շենքի «Մանուել Բելգրանո» աուդիտորիումում կայացած ձեռնարկի ընթացքում ելույթ ունեցավ Արգենտինայի արտգործնախարարի տեղակալ Գուստավո Զլաուվինեն, ով բարձր գնահատեց երկկողմ հարաբերությունների մակարդակն ու նշեց, որ Արգենտինայի տնտեսությունը տարբեր ոլորտներում ներդրումներով ակնհայտ ներկայություն ունի Հայաստանի տնտեսության մեջ:
Արգենտինայում Հայաստանի դեսպան Էսթերա Մկրտումյանը իր ելույթում շնորհավորեց ներկաներին հոբելյանի առթիվ ու հայտնեց, որ այսօրվա մարտահրավերն է աշխատանքներ կատարել, որպեսզի Հայաստանը դուռ հանդիսանա Արգենտինայի տնտեսության համար՝ մտնելու Եվրասիական տնտեսական միության 200 միլիոն բնակչություն ունեցող շուկա:
Ներկայացվեց նաև մշակութային ծրագիր:
Հայաստանն ու Արգենտինան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի հունվարի 17-ին՝ Մոսկվայում ստորագրելով հատուկ արձանագրություն:
Դիեգո Կարամանուկյան, Բուենոս Այրեսից