Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։
Նիստին քննարկվել են նաև վաղը Համբուրգում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հանդիպման հարցեր։
Նշենք, որ վաղը Համբուրգում կմեկնարկի Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովը։
Պուտինի խոսնակ Ալեքսանդր Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գագաթնաժողովի նախօրեին նաև քննարկվել են միջազգային մի շարք հրատապ հարցեր, այդ թվում՝ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված երկկողմ հանդիպումների օրակարգը։
Անվտանգության խորհրդի նիստին ներկա էին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Փորձագետները չափազանց կարևորում են հուլիսի 7-ին կայանալիք Թրամփ-Պուտին առաջին հանդիպումը։
«Նախագահներ Թրամփի և Պուտինի առաջին հանդիպումը բեկումնային կարող է լինել։ Պուտինին անհրաժեշտ է դուրս գալ միջազգային մեկուսացումից, ազատվել պատժամիջոցներից», - իր բլոգում գրել է տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշենկոն՝ շարունակելով. - «Չնայած լարված հարաբերություններին, Մոսկվան և Վաշինգտոնը շատ ընդհանուր բաներ ունեն, օրինակ՝ երկու կողմն էլ չի ուզում գնալ բախումների, երկու կողմն էլ ուզում է պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը չեզոքացնելը նույնպես թե՛ Վաշինգտոնի, թե՛ Մոսկվայի շահերից է բխում։ Երբ Վաշինգտոնը հրաժարվեց Ասադին տապալելու իր կոշտ նախապայմանից, Թրամփը և Պուտինը կարող են պայմանավորվելՍիրիայի հարցում»։
Ամենադժվարը, ըստ փորձագետի, Ուկրաինայի հարցն է։ «Այստեղ Թրամփը ստիպված է հաշվի նստել եվրոպացիների հետ։ Ամեն դեպքում, ես լավ եմ տրամադրված՝ և՛ Թրամփին, և՛ Պուտինին պետք են արդյունքներ այդ հանդիպումից, և ուրեմն՝ նրան չեն գնա է՛լ ավելի կոշտ առճակատման», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի իր բլոգում գրել է փորձագետը։