Մատչելիության հղումներ

Ժյուրիի անդամները լիահույս են, որ հետաքրքիր մրցույթ է սպասվում


Այսօր առավոտյան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում սկսվեց «Արմենիա» դաշնակահարների միջազգային մրցույթ-փառատոնի առաջին փուլը:

Նմանօրինակ մրցույթ առաջին անգամ է անցկացվում Հայաստանում և, ինչպես նշում է մրցութային հանձնաժողովի նախագահ Արմեն Բաբախանյանը, այն կանցկացվի պարբերաբար:

Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Փառատոնին մասնակցում են մինչև 34 տարեկան 48 երիտասարդ դաշնակահարներ 16 երկրներից:

Շատ ուշագրավ է և մրցութային հանձնաժողովի կազմը, որն իր մեջ է ներառել տարբեր երկրներից ժամանած անվանի դաշնակահարների: Նրանք, Արմեն Բաբախանյանի խոսքով, այս մրցույթ-փառատոնին մասնակացելու համար անգամ այլ երկրների հետ ունեցած նախնական պայմանավորվածություններն են չեղյալ հայտարարել:

Ժյուրիի կազմում են այնպիսի անվանի դաշնակահարներ, ինչպիսիք են Ռատկո Դելորկոն՝ Գերմանիայից, Պաոլո Բալիերին՝ Իտալիայից, Վալերիան Շուիկաշվիլին՝ Վրաստանից, Վլադիմիր Օվչիննիկովը՝ Ռուսաստանից և այլք:

«Ազատության» հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն ժյուրիի անդամներն այս մրցույթ-փառատոնից, Ռատկո Դելորկոն նշեց, որ ինքը հաճախ է մասնակցում նման միջազգային փառատոների որպես ժյուրիի անդամ և հստակ ծանոթ է նման միջազգային մրցույթների ընթացքին․ - «Հաճախ պարզապես հրաշալի ենք մեզ զգում, երբ լսում ենք երիտասարդ, խոստումնալից, բայց բոլորովին անհայտ մի դաշնակահարի, որը հնարավորություն ունի մեծ բեմ դուրս գալ՝ հաղթելով հենց նման հեղինակավոր մրցույթում»:

Իտալիայից ժամանած ժյուրիի անդամ Պաոլո Բալիերին կարևոր է համարում, որ մրցույթի մասնակիցները լավ դաշնակահարներ լինեն և իրենց լավագույնս դրսևորեն: Իտալացի դաշնակահարը կատակով նկատեց, թե իրենց գործը, որպես ժյուրիի անդամ, սեփական զգացողությունները զգալն է: Երաժշտական կատարումը գնահատելու որոշակի չափանիշներ, Բալիերիի խոսքով, չկան, բայց դու անմիջապես զգում ես՝ արդյո՞ք այս դաշնակահարը խոստումնալից է, տաղանդավոր, օժտված, թե՞ ոչ․ - «Բացի այդ, մենք գնահատում ենք նաև տվյալ դաշնակահարի անհատականությունը և արտիստիզմը․ ինչպես է պահում իրեն բեմում, ինչ էմոցիաներ է ունենում և արդյոք ասելիք ունի երաժշտական հանրությանը՝ ունկնդրին»:

Ռուսաստանը ներկայացնող հանրահայտ դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովն ասում էր, որ իր համար նման երաժշտական փառատոները միշտ էլ տոնախմբության են վերածվում․ տոնախմբություն, որին մասնակցելու համար հավաքվում են երիտասարդ երաժիշտներ, ու յուրաքանչյուրը փորձում է լավագույն կերպով իրեն դրսևորել: Նա նշեց, որ անշուշտ լինում են դեպքեր, երբ ինչ-ինչ պատճառով տվյալ երաժիշտը ձախողվում է, բայց դա պատճառ չէ հիասթափության, հակառակը, հաճախ դա խթան է հանդիսանում ավելի շատ պարապելու և հետագայում ավելի լավ հանդես գալու համար:

Վրաց անվանի դաշնակահար Վալերիան Շուիկաշվիլիի համոզմամբ, մրցույթներն առհասարակ կա՛մ լավն են լինում, կա՛մ վատը, միջինը չի լինում: «Դա միայն մրցույթի մասնակիցներից չի կախված», - ասաց Վալերիան Շուկիաշվիլին և հույս հայտնեց, որ առաջիկա ինը օրերի ընթացքում իրենց շատ հետաքրքիր մրցույթ է սպասվում, որովհետև Հայաստանում գիտեն, թե ինչպես անցկացնել հեղինակավոր միջազգային մրցույթներ:

Անդրադառնալով մրցույթի պարբերականությանը՝ ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանն ասաց․ - «Պետք էլ չի ամեն տարի անել դաշնակահարների մրցույթ, որովհետև խոշոր մրցույթը չի կարող լինել ամեն տարի: Առնվազն երկու-երեք տարի պետք է անցնի, որպեսզի արդեն նոր երաժիշտներ գան, սերնդափոխություն լինի: Ես ընդհանրապես դեմ եմ այն մրցույթներին որոնք անցնում են ամեն տարի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG