Արմավիրի մարզի Այգեկ գյուղի 80-ամյա բնակչուհին միջօրեի շոգին ստիպված է դույլերով ջուր կրել։ Խմելու ջուր, բնակիչների խոսքով, արդեն գրեթե երեք ամիս չունեն։ Գյուղի ցածրադիր հատվածում ջուր երբեմն լինում է, նման դեպքերում լուրն արագ տարածում են ողջ գյուղով ու ջրի հերթ կանգնում։ Սակայն դա չի բավականացնում, գյուղում արդեն ջրավաճառներ են հայտնվել ․«Փող ենք տալիս, խի ես ինչի՞ տեր եմ»,- դժգոհում է տարեց կինը։
Երևանից ընդամենը 39 կմ հեռավորությամբ գտնվող գյուղի բնակիչներն ասում էն՝ ջրամատակարումն առանց այդ էլ օրական ընդամենը 2-4 ժամ էր տևում, իսկ հիմա ընդհանրապես զրկվել են կենցաղի տարրական պայմաններից: «Բառիս բուն իմաստով դարձել ենք ուղտ»,- ասում է բնակիչներից մեկը:
Ջրամատակարարման վերականգնման համար դիմել են «Վեոլիա գրուպ» ընկերությանը։ Լյուդմիլա Հակոբյանն ասում է՝ ապարդյուն․ «Մի անգամ զանգեցի, ասեց համարը թողեք՝ մենք կասենք: Ոչ պատասխան ա եկել, ոչ էլ ջուրն ա եկել»: Այգեկի բնակիչներից Մարիա Գևորգյանն էլ է նշում, որ ջրամատակարարում իրականացնող ընկերությունն անպատասխան է թողել մարդկանց բազմաթիվ բողոքներն ու ահազանգերը։
Գյուղացիները վթարի վարկածին չեն հավատում, կարծում են՝ ջրագողեր կան։ Կասկածում են, որ մոտակայքում գտնվող ամառանոցների բնակիչներն այգիները խմելու ջրով են ոռոգում։ «Դա մեր ենթադրությունն է, իրենց էլ ենք մանրակրկիտ բացատրել, որ չի կարող խնդիրը միայն վթարը լինել, եթե վթար է, ինչու՞ մեզ չեք զգուշացնում»,- հարց է տալիս Մարիա Գևորգյանը:
Գյուղապետ Վարուժան Աբրահամյանն ամառանոցների վարկածը բացառում է։ Ասում է՝ եթե անգամ իրենց ջուրն են օգտագործում, ջրի հոսքի վրա դա մեծ ազդեցություն չէր ունենա։ «Հնարավոր ա՝ ջուր տանեն ասենք՝ 2 լիտր, 3 լիտր, դա էդքան չի երևա»,- ասաց գյուղապետը:
Խմելու ջրի խնդիր ունի նաև նույն ջրատարից սնվող Նորակերտ գյուղը։ Այգեկն այս ջրատարից օգտվող վերջին գյուղն է՝ տեղակայված համեմատաբար բարձրադիր վայրում։ Դա է պատճառը, որ ջրի խնդիրն այս գյուղում ավելի սուր է, քան հարևան համայնքներում։ Այգեկի գյուղապետը համայնքի տարածքում վթարի տարբերակն էլ է բացառում, հավաստիացնում է, որ ջրատարների 90 տոկոսը վերջերս են փոխել։ Նա ջրի սակավության հնարավոր պատճառ է համարում մայրուղու խողովակաշարերի վթարը։ Գյուղապետի համոզմամբ, խմելու ջրի հարցը կլուծվի միայն այն դեպքում, երբ թույլ տան գյուղ նոր խողովակաշար անցկացնել։
«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը նշեց, որ անձամբ ինքն Այգեկի խնդրին ծանոթ չէ։ Խոստացավ պարզել և տեղեկություն տրամադրել ավելի ուշ։