Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Արմենիա» երաժշտական մրցույթ-փառատոնը


Փառատոնն անցկացվում Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ: Նորաստեղծ այս մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավարը Սերգեյ Սմբատյանն է:

Դաշնակահարների միջազգային «Արմենիա» մրցույթ-փառատոնը այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում է կբացեն Հայասանի ֆիլհարմոնիկ նվագախումբն ու անվանի ջութակահար Ռոման Կիմը:

Մրցույթ-փառատոնին մասնակցելու են 48 դաշնակահարներ 16 երկրներից: Մրցույթը բաղկացած է երկու փուլից, որոնք կտևեն 9 օր և կանցկացվեն Արամ Խաչատրյան տուն-թանգարանում: Բայց մրցույթ-փառատոնի կազմակերպիչների նախաձեռնությամբ, այսօրվանից սկսած ամեն օր փառատոնի շրջանակներում սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ են տեղի ունենալու Արամ Խաչատրյանի համերգասրահում՝ մեր լավագույն նվագախմբերի և արտասահմանից ժամանած անվանի երաժիշտների մասնակցությամբ:

Մինչ մրցույթ-փառատոնի մեկնարկը փառատոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատըանը հրավիրած ասուլիսի ընթացքում շեշտում էր․ - «Ցանկությունն այն էր, որ մենք կարող ենք ցույց տալ աշխարհին, որ մարդիկ տեսնեն, թե ինչքան մասշտաբային գործունեություն մենք կարող ենք անել և աշխարհին ներկայացնել»:

Փառատոնի կազմակերպիչներից Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանդին Իշխանովը նշեց, որ հիմնադրամը ստեղծվել է Մալթայում և բազմաթիվ ամենատարբեր մշակութային փառատոներ, համերգներ ու մրցույթներ է կազմակերպել:

Իշխանովը իրենց հիմնադրամի լավագույն նախաձեռնություններից է համարում անցյալ տարի ապրիլին անցկացված Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը, որը համախմբել էր դասական երաժշտության համաշխարհային փայլուն աստղերի: Ի դեպ այդ փառատոնին մասնակցել են նաև անվանի երաժիշտներ Հայաստանից:

Հիմնադրամի նախագահը նաև տեղեկացրեց, որ 2018 թվականին Մալթայի մայրաքաղաք Վալետտան ներկայանալու է որպես եվրոպական մշակույթի մայրաքաղաք, և շեշտեց, որ հաջորդ տարի անցկացվելիք այդ փառատոնի ժամանակ տեղի է ունենալու նաև մի աննախադեպ մրցույթ, որն ահռելի դրամական ֆոնդ է ունենալու՝ 200 հազար եվրո: Առաջին տեղը նվաճած դաշնակահարին կհանձնվի 100 հազար եվրո:

Բայց հաջորդ տարի այդ փառատոնին մասնակցության համար նախապես այս տարի 11 երկրներում կազմակերպվում են դաշնակահարների միջազգային մրցույթներ, որոնց հաղթողներից հինգը կմասնակցեն Մալթայում կայանալիք միջազգային մրցույթին:

Եվ ահա Հայաստանն իր այս նորաստեղծ «Արմենիա» դաշնակահարների մրցույթ-փառատոնով այն 11 երկրների շարքում է, որտեղ այս տարի անցկացվում են այդ միջազգային մրցույթները: Դրանք են՝ Իտալիան, Գերմանիան, Ավստրիան, Իսպանիան, Ճապոնիան, Չինաստանը և այլ երկրներ:

Հավելենք նաև, որ «Արմենիա» մրցույթ-փառատոնի մրցանակային ֆոնդը 20 հազար եվրո է․ դրանից 10 հազար եվրոն կվաստակի առաջին մրցանակակիրը:

Մրցութային միջազգային ժյուրին ներառում է շատ անվանի դաշնակահարների տարբեր երկրներից: Ժյուրիի նախագահը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, անվանի դաշնակահար Արմեն Բաբախանյանն է:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե ինչ պարտադիր ստեղծագործություններ պիտի նվագեն «Արմենիա» մրցույթի մասնակիցները, Բաբախանյանն ասաց․ - «Ծրագիրը արված է բավականին ազատ: Միակ բանը, որ բոլոր մասնակիցները պետք է կատարեն, մալթիական կոմպոզիտոր, ռեզիդենտ Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները: Տարիքային սահմանափակում գրեթե չկա: Վերևի լիմիտը 34 տարեկան է, բայց մրցույթին կարող են մասնակցել, եթե, իհարկե, կարող են նվագել այսպիսի բավականին դժվար ծրագիր, նույնիսկ 14, 15․․․ Եթե չեմ սխալվում, մենք ունենք մասնակից և 13 տարեկան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG