Մատչելիության հղումներ

Մերկելի գլխավորած դաշինքը դեմ է Թուրքիայի լիիրավ անդամակցությանը Եվրամիությանը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության և Քրիստոնեա-սոցիալական միությունների կուսակցության դաշինքը դեմ է արտահայտվել Թուրքիայի լիիրավ անդամակցությանը Եվրամիությանը:

Թուրքական «Հյուրիեթ»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայում խորհրդարանական ընտրություններից երեք ամիս առաջ կուսակցությունները հրապարակել են իրենց նախընտրական ծրագրերը, որտեղ հատուկ անդրադարձել են նաև Թուրքիայի հետ հարաբերություններին:

Չնայած իշխող կոալիցիայի նախընտրական ծրագրում ընդգծվում է Թուրքիա - ԵՄ ռազմավարական ու տնտեսական հարաբերությունների կարևորությունը, այնուամենայնիվ Մերկելի ղեկավարած քաղաքական ուժը դեմ է Թուրքիայի անդամակցությանը եվրոպական ընտանիքին:

«Մենք կողմ են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների խորացմանը, երկու կողմի համար: Սակայն մերժում ենք Թուրքիայի լիիրավ անդամակցությունը, քանի որ Թուրքիան չի կատարում իր ստանձնած պարտավորությունները: Խորապես մտահոգված ենք Թուրքիայում իրավական պետության, մասնավորապես խոսքի ու մամուլի ազատության հարցերում տեղի ունեցած վերջին զարգացումների առնչությամբ», - ասված է նախընտրական ծրագրում:

Պաշտոնական Անկարան առայժմ չի արձագանքել կանցլեր Մերկելի ղեկավարած կոալիցիայի արտահայտած դիրքորոշմանը:

Մինչ այդ թուրք-գերմանական հարաբերություններում կրկին լարվածություն է նկատվում Գերմանիայի Համբուրգ քաղաքում հուլիսի 7-8-ին կայանալիք G20-ի գագաթաժողովից առաջ, որին մասնակցելու է նաև Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

Գերմանական իշխանությունները թուրքական կողմին զգուշացրել են, որ նախագահ Էրդողանը չի կարող ելույթ ունենալ թուրքական հյուպատոսարանում: Գերմանիայում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ արգելված են ԵՄ անդամ և այլ երկրների առաջնորդների ելույթները: Մինչդեռ Բեռլինում Թուրքիայի դեսպանության մամուլի խոսնակ Ռեֆիկ Սողուկօղլուն ավելի վաղ գերմանական թերթերից մեկին հայտնել էր, թե հյուպատոսարանում Թուրքիայի նախագահի ելույթի համար իրենք դաշնային կառավարության թույլտվության կարիքը չունեն:

Թուրքիայի կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշն էլ, անդրադառնալով թուրք-գերմանական հարաբերություններում առկա խնդիրներին, նշել է, թե դրանք կապված են Գերմանիայի ներքաղաքական զարգացումների հետ․ - «Այս լարվածությունը արհեստածին է, որ ստեղծվել են գերմանացի որոշ քաղաքական գործիչների կողմից՝ ելնելով ներքաղաքական շահերից: Թուրքիայի ու Գերմանիայի հարաբերությունները չեն կարող թունավորվել ոմանց ձեռքով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG