Մատչելիության հղումներ

Արևի էներգիա ոչ միայն քաղցրահամ բերքի, այլև այգիների ոռոգման համար


Արևային էներգիայի փոխակերպման հայկական արտադրության վահանակներ
Արևային էներգիայի փոխակերպման հայկական արտադրության վահանակներ

Մասնագետների գնահատմամբ՝ արևային էներգետիկայի մեծ պոտենցիալ ունեցող Հայաստանում այդ ոլորտի զարգացումը կնպաստի էներգետիկ անվտանգության ապահովմանը և գազից կախվածության նվազմանը:

Այգեգործ Տիգրան Խաչատրյանն այգի է մշակում Արա լեռան ստորոտին։ Ջրի աղբյուրն այդ տեղանքից ավելի ցածր կետում է, ուստի՝ օգտագործում են դիզելային վառելիքով աշխատող պոմպեր՝ ջուրը մշակվող տարածք մղելու համար։

«Ամենաբարձր այգին մերն է: Ներքևում մարդկանց գործն ավելի հեշտ է, որովհետև հոսող ջուր ունեն: Իսմ մենք մոտ 50 մետր պետք է ջուրը բարձրացնենք: Հոսանք չունենք, մոտիկ ցանց չկա, դրա համար որոշեցինք արևային համակարգ դնել և դիզելից անցնել հոսանքի»,- ասում է Տիգրան Խաչատրյանը:

Մինչ այժմ արևային վահանակները ներկրվում էին։ Խաչատրյանը, սակայն, նախապատվությունը տվել է առաջին հայկական արտադրության վահանակներին։ Անցած գարնանից հայկական «Սոլարոն» ընկերությունն արտադրում է արևի էներգիան էլեկտրաէներգիայի փոխակերպող կայաններ։ Կառավարությունը որոշել է ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությանն ազատել մաքսատուրքից՝ տեխնոլոգիական սարքավորումների և հումքի ներմուծման համար:

Արևային վահանակներ արտադրող առաջին հայական ընկերության գլխավոր ինժեներ Հարություն Աղլամազյանը օրերս ընկերության նորաբաց գործարան այցելած վարչապետից ու կառավարությունից նորարարական բիզնեսի համար բարենպաստ պայմանների ապահովում է ակնկալում։ «Տեղական արտադրողին պետք է խրախուսել, որովհետև շատ զարգացած երկրներում տեղական արտադրողի համար հավելյալ պայմաններ են ստեղծում, պետական ծրագրերով աջակցում են: Պոտենցիալը մեծ է, պարազապես պետք է պայմաններն ավելի բարելավել»,- ասում է ինժեները:

Նրա հավաստմամբ, Հայաստանում արևային էներգիա ստանալու մեծ հնարավորություն կա․ արևային օրերի քանակը շատ է, արևի ինտենսիվությունը՝ բարձր․ «Կոնկրետ այստեղ՝ Արա լեռան ստորոտում արևի ինտենսիվությունը 1 քմ-ից տարեկան 1700 կՎտ-ից ավելի էներգիա ստանալու հնարավորություն է տալիս: Այլ երկրների հետ համեմատած՝ մոտ 1,7 անգամ ավելին է»:

Արևային կայան տեղադրած Տիգրան խաչատրյանը հաշվարկել է՝ կատարած ներդրումը հետ բերելու համար մոտ 3 տարի կպահանջվի։ Ինժեներ Հարություն Աղլամազյանն էլ հավաստիացնում է՝ բիզնեսի ընդլայնմանը զուգահեռ կնվազի նաև կայանների գինը։

Արևային վահանակներ արտադրող և տեղադրող հայկական գործարանի արտադրական հզորությունը տարեկան 10 ՄՎտ է, աշխատողների թիվն արտադրական ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում՝ 50 մարդ: Սկզբնական ներդրումների ծավալը մոտ 2 մլն դոլար է: Այլընտրանքային էներգետիկայի այս ճյուղի զարգացումը միայն հեռանկարային բիզնես չէ։ Գործարարները հույս ունեն այսպիսով բարձրացնել նաև երկրի էներգետիկ անկախության մակարդակը․ «Ռազմավարական նշանակություն ունի, կապահովի երկրի էներգետիկ անվտանգությունը, այդքան գազից կախված չենք լինի»:

Ընկերության ներկայացուցիչն ասում է՝ եթե բիզնեսը հաջողվի, կայաններ կարտահանեն նաև հարևան Իրան ու Վրաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG