Մատչելիության հղումներ

Ուսուցիչները կվերապատրաստվեն Արարատյան բակալավրիատի ծրագրով դասավանդելու համար


2018 թվականի սեպտեմբերի 1-ից մարզերի մի շարք ավագ դպրոցներում կներդրվի Արարատյան բակալավիրատի ծրագիրը, ինչը նշանակում է, որ այդ աշակերտները կանցնեն «Այբ» դպրոցին բնորոշ ուսուցում և կստանան միջազգային ճանաչում ունեցող ավարտական վկայական։

Իսկ մինչ այդ մանկավարժների վերապատրաստման փուլն է։ 110 ուսուցիչ է ընտրվել Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ «Այբ» դպրոցում հավաքված մանկավարժները ոգևորված են այս գաղափարով։

«Ազատության» հետ զրույցներում նրանք ասացին, որ սա նոր որակ է բերելու հանրակրթության ոլորտ։ «Գտնում եմ, որ այս ծրագիրը օգտակար է, և հույս ունեմ, որ այստեղ ես նոր մեթոդներ կսովորեմ, նոր մոտեցումներ, նոր ձևեր», - ասաց Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Լյովա Բարոյանը:

Նոր ծրագրի մասին գոհունակությամբ խոսող մանկավարժներից հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենց դպրոցն ունի բավարար շենքային պայմաններ և նյութատեխնիկական հագեցվածություն, որ կարողանա միջազգային որակավորում անցած ծրագրով աշխատել։

«Երևի ոչ: Մի փոքր տեխնիկայի հագեցվածության կարիք կլինի», - ասաց Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի ուսուցիչ Կարինե Ոսկանյանը:

Հարցին, թե այս ծրագրով դասավանդելու դեպքում որքան աշխատավարձ են ակնկալում, Լյովա Բարոյանը պատասխանեց․ - «Եթե ուսուցիչը 400-500 հազար դրամ ստանա, ինձ թվում է, կնվիրվի ամբողջովին իր աշխատանքին»:

«Ազատության» հետ զրույցում Կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը հավաստիացրեց, որ աշխատավարձի խնդիրը կլուծվի, քանի որ ուսուցիչների վարձատրության մեխանիզմը վերանայվում է։ Նա, սակայն չմանրամասնեց, թե որքանով կբարձրանա այդ մանկավարժների աշխատավարձը․ - «Այս պահին դա ֆիքսված չէ»:

Փոխնախարարի խոսքով, Արարատյան բակալավրիատի ծրագիրը խստապահանջ է լինելու, այդ դասարանում հայտնվել ցանկացող աշակերտները պետք է 6 առարկայից գիտելիքների ստուգում անցնեն, մրցունակ լինեն։

Թե 2018 սեպտեմբերի 1-ին քանի նման դասարան կստեղծվի, Սահակյանը չի կանխատեսում։ Նրա խոսքով՝ այս պահին ընտրված 21 դպրոցները դեռ պետք է ատեստավորում անցնեն, իսկ աշակերտներն իրենք կընտեն․ դիմե՞լ միջազգային որակավորմամբ կրթություն ստանալու, թե՞ գնալ սովորական ավագ դպրոց: Հնարավորությունները, ըստ Սահակյանի, հավասար են բոլորի համար․ - «Հավասար հնարավորությունը նշանակում է, որ յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում, և չկա որևէ սահմանափակում, բացի իր ներքին սահմնափակումներից․․․»

Մինչդեռ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» գրասենյակի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը պնդում է, թե ծրագիրը ոչ թե հավասար, այլ խիստ անհավասար պայմաններ է ստեղծելու աշակերտների համար: «Այբ» հիմնադրամի ներկայացրած գաղափարները մանրամասնորեն ուսումնասիրած Ամիրյանի համոզմամբ՝ սա հանգեցնելու բևեռացման․ - «Մեր երկիրը լրիվ ուրիշ ծրագիր իրականացնելու կարիք ունի հանրակրթության մեջ: Հաշվի առնելով, որ 30 տոկոսից ավելի աղքատություն ունենք, ու երեխաների 40 տոկոսն են աղքատ, որոնք գնում են դպրոց՝ այս իրավիճակում բերել մի հատ դպրոցում ստեղծել գերազանցություն ու ասել՝ ով որ մինչև էդ լավ ա սովորելու ու կարողանալու գալ, այս վեց քննությունները հանձնի, խայտառակություն ա»:

Արարատյան բալակավրիատ ծրագրի ներդրումը ավագ դպրոցներում իրականացվելու է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում։ Ամիրյանի փոխանցմամբ, այդ ծրագիրն արդեն մի քանի տարի քննադատության է արժանանում մասնագետների կողմից։ Նա վստահ է՝ պետությունը էլիտար դասարաններ ստեղծելու ճանապարհն է բռնել, հատկապես, որ «Այբ»-ի ստեղծած ծրագրի ներդրումն ավագ դպրոցներում հանրային քննարկում չի անցել։

Ամիրյանի խոսքով՝ նախքան միջազգային որակի կրթության մասին խոսելը, պետությունը թող հավասար պայմաններ ստեղծի և նույն մրցունակ գիտելիքը մատուցի հանրապետության 1400 դպրոցների աշակերտների համար․ - «21 դպրոցից մենակ երկուսն են գյուղական դպրոցներ: Այսինքն մենք մեր հասարակության մի մեծ շերտ՝ գյուղական երեխաներին, հանում ենք: Ո՞վ պիտի գա էդ լավ դասարան: Ով որ ունի արդեն գիտելիք, ով որ պատրաստված ա, հինգ թե վեց առարկայից կարող ա հանձնի քննություն: Այսօրվա հանրակրթական դպրոցը, միջին դպրոցը ստեղծո՞ւմ ա բոլորի համար հնարավորություն ունենալ անհրաժեշտ պատրաստվածությունը: Ոչ»:

Խտրականություն է նաև այն, որ միայն այդ աշակերտներն են անցնելու դասավանդման հատուկ մեթոդներով, ուրիշ դասագրքերով։ Ժամանակակից աշխարհը, ըստ Ամիրյանի, հրաժարվել է էլիտար կրթությունից․ ֊ «Հավասարության սկզբունքն է այժմ դրված մրցունակ կրթական համակարգ ունեցող երկրների հիմքում»։

Մասնագետն անթույլատրեի է համարում նաեւ ծրագրի ֆինանասավորումը պետական բյուջեից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG