Մատչելիության հղումներ

«Արտադրված է Հայաստանում»․ պատվիրատուները իրենց խելացի դրամապանակները կստանան դեկտեմբերին


Volterman նախագիծը հաջողության է հասնում Indiegogo հարթակում

Հայկական առաջին խելացի դրամապանակի՝ Volterman-ի ստեղծմանն աջակցելու համար Indiegogo պլատֆորմում ընդամենը 5 օրում հավաքվել է ավելի քան 200 հազար դոլար. նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացել ամբողջ աշխարհում, ավելի քան 1500 մարդ կանխավճար է տրամադրել և պատրաստ է դրամապանակը ձեռք բերելու համար սպասել մինչև դեկտեմբեր։ Գաղափարն Ազատ Թովմասյանինն է։ Երկու անգամ դրամապանակը կորցնելուց հետո Թովմասյանը որոշել է այն հեռախոսի հետ կապակցել ու հասկացել է՝ գաղափարը հնարավոր է հաջող բիզնես նախագծի վերածել։

«Եթե դրամապանակը քո մոտակայքում է՝ դա հեշտությամբ կարողանում ես գտնել: Իսկ եթե կորցրել ես, կամ գողացել են՝ դու կարող ես տեսնել, թե դա որտեղ է», - նկարագրում է նախագծի հեղինակը:

Եթե դրամապանակը որևէ տեղ մոռանաք կամ այն գողանան, խելացի համակարգն ազդանշան կուղարկի Ձեր հեռախոսին ու կլուսանկարի դրամապանակը բացող ենթադրյալ գողին կամ այն առաջինը հայտնաբերողին։ Volterman-ը նաև բջջային հեռախոսները լիցքավորելու հնարավորություն է տալու։ Խելացի դրամապանակը փողն ապահով պահելուց զատ վայֆայ էլ է տարածելու և ունենալու է հիշողության այլընտրանքային բանկ՝ հեռախոսի աշխատանքը չծանրաբեռնելու համար։

Ծրագիրը միջազգային հարթակում ներկայացնելու գործում Ազատ Թովմասյանին օգնել է Նարեկ Վարդանյանը։

Volterman-ի թիմը՝ աշխատանքային քննարկում է անցկացնում
Volterman-ի թիմը՝ աշխատանքային քննարկում է անցկացնում

«Մենք շատ ուզում ենք, որ ինքը լինի հաջողության նախադեպ՝ success story, ու Հայաստանում բոլորը, տեսնելով այս նախագծի հաջողությունը, տեսնեն, որ Հայաստանում գտնվելով իրենք կարող են իրենց հետաքրքիր գաղափարները իրականացնել ու սարքել միջազգային չափանիշներին համապատասխան նախագծեր», - ասում է Վարդանյանը: - «Եվ երկրորդ կարևոր կետը՝ մենք ուզում ենք ամբողջ աշխարհին ցույց տալ, որ Հայաստանից կարող են դուրս գալ այնպիսի նախագծեր, որոնք ոչ միայն չեն զիջում, այլև մի քանի բանով ավել են աշխարհի ցանկացած այլ նախագծից», - հավելում է նա:

Volterman-ն ի դեպ, Indiegogo հարթակում հաջողության հասած միակ հայկական նախագիծը չէ։ Վերջին հաջողվածներից է օրինակ Yecup-ը, որը մոտ 400 հազար դոլար էր հավաքել։

Դրամապանակները երեք տիպի են լինելու՝ դասական, միայն քարտերի համար նախատեսված և ճամփորդական՝ 89, 129 և 157 դոլար արժողությամբ։

«Մեր առաջնային թիրախը 35-ից 45 տարեկան տղամարդիկ են՝ Ամերիկայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ավստրալիայից․․․ կարելի է ասել՝ ամբողջ աշխարհից ու նաև Հայաստանից», - մանրամասնում է Նարեկ Վարդանյանը՝ հավելելով, որ նախագծի աջակից-պատվիրատուների շրջանում Հայաստանը երկրորդ տեղում է, առաջին տեղում՝ ԱՄՆ-ն է:

Տղամարդկանց համար նախատեսված խելացի դրամապանակը նաև կանանց է հետաքրքրել։ Նախաձեռնողներին հիմա ամենից շատ հարցնում են՝ ե՞րբ կլինի կանանց համար նախատեսված տարբերակ։

Volterman-ի «հայրերը» հավաստիացնում են՝ արտադրությունը կազմակերպելու են Հայաստանում, խելացի դրամապանակն էլ աշխարհի տարբեր երկրների գնորդների ձեռքին է հայտնվելու «արտադրված է Հայաստանում» մակնշմամբ։

XS
SM
MD
LG