Մատչելիության հղումներ

Գյուլ. «Ես հավատում էի տարածաշրջանում խաղաղության գաղափարին»


Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլ, արխիվ
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլ, արխիվ

Նախկին նախագահը պնդում է, որ Թուրքիան չի մերվի Ադրբեջանի տարածքային կորստի հետ:

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլը, որի պաշտոնավարման օրոք ստորագրվել են ցյուրիխյան արձանագրությունները, APA ադրբեջանական լրատվական գործակալության թղթակից Ջավադ Իսմայիլին տված հարցազրույցում խոսել է հայ - թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:

Հայ - թուրքական երկու արձանագրությունները, հիշեցնենք, ստորագրել են արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեթ Դավութօղլուն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:

Դրան նախորդած լարված բանակցություններին և փաստաթղթերի բուն ստորագրման արարողությանը ներկա են եղել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Խավիեր Սոլանան, Ֆրանսիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Բեռնար Քուշները և Սերգեյ Լավրովը: Հետագայում կողմերն այդպես էլ չեն վավերացրել արձանագրությունները:

APA-ին տված հարցազրույցում Գյուլն ասել է, որ ինքը հավատում էր հաշտության տեսլականին:

«Ես հավատում էի, որ առկա վեճերը կարելի է լուծել խաղաղ ճանապարհով, ես աշխատում էի այդ ուղղությամբ, համոզված լինելով, որ հարցը պետք է լուծել ոչ թե պատերազմի, այլ դիվանագիտության և քաղաքականության ճանապարհով, քանի որ հաշտությունն օգուտ կբերի բոլոր կողմերին», - նշել է Գյուլը:

Թուրքիայի նախկին նախագահն ասել է նաև, որ «Անկարան երբևէ չի մերվի եղբայրական երկիր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու իրողության հետ»:

Գյուլի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն, «Ադրբեջանի տարածքների զավթումը» երկար է տևում, սակայն պետք է բանակցել:

«Դժբախտաբար, մեծ տերությունները խնդրին պատշաճ ուշադրություն չեն հատկացրել: Ինձ համար առաջնահերթը ՄԱԿ-ի կողմից դատապարտված այդ գրավման դադարեցումն էր: Ես ամեն բան արեցի, որ խնդիրը չմնա սառեցված վիճակում, դժբախտաբար, չստացվեց»,- ասել է Թուրքիայի նախկին նախագահը ադրբեջանական գործակալությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG