Մատչելիության հղումներ

ԼՂ ժողովրդավարությունը չի տուժի, եթե Բակո Սահակյանը ևս 10 տարի պաշտոնավարի. Շարմազանով


Եթե տասը տարի շարունակ Ղարաբաղի նախագահի պաշտոնը զբաղեցրած Բակո Սահակյանը ևս մի քանի տարի շարունակի ղեկավարել Լեռնային Ղարաբաղը, ապա, իշխող Հանրապետականի (ՀՀԿ) համոզմամբ, դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարությանը վնաս չի հասցնի:

Նշենք, որ այս տարվա փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում Ղարաբաղում հաստատվեց երկրի կառավարման նախագահական համակարգ:

Նոր Սահմանադրությամբ, առաջիկա երեք տարիներին՝ մինչև 2020 թվականը, Ղարաբաղում պետք է ընտրվի անցումային փուլի նախագահ, որին կընտրի խորհրդարանը:

«Ազատություն». - Պարոն Շարմազանով, կիսո՞ւմ եք այն մտահոգությունները, որ եթե իսկապես Բակո Սահակյանը համաձայնի մինչև 2020 թվականը մնալ նախագահի պաշտոնում, ապա սա լուրջ հարված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարությանը։

Շարմազանով. - Իհարկե չեմ կիսում այդ մտահոգությունները և տեղյակ էլ չեմ, թե այդ մտահոգություններն ում մոտ են, միգուցե մասնավոր կարծիք է, մասնավոր մտահոգություններն են։ Արցախի Հանրապետությունն անկախ ժողովրդավարական պետություն է, ունի իր Սահմանադրությունը և այդ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս ընտրել Ազգային ժողովին մինչև 2020 թիվը հանրապետության նախագահ, և սահմանափակում գործող նախագահ Բակո Սահակյանը չունի, որևէ մեկի պաշտպանության կարիք առավել ևս չունի։ Ես կոռեկտ չեմ համարում, լինելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, գնահատականներ հնչեցնել, բայց որպես մի մարդ, որը շահագրգռված է Արցախում կայունության, Արցախում ունենալ ազգային, պետական առաջնորդ, դա, եթե ինձ հարցնեն, դա շատ լավ և նորմալ որոշում է։ Իրավական առումով՝ որևէ խնդիր ես այստեղ չեմ տեսնում։

«Ազատություն». - Դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում, որ տասը տարուց ավել նույն անձը Սահմանադրությունը փոփոխելով շարունակի մնալ նախագահի պաշտոնում։

Շարմազանով. - Ո՛չ, խնդիր չեմ տեսնում, Սահմանադրությունն այդ հնարավորությունը տալիս է։ Ավելին՝ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը [ԱՄՆ 32-րդ նախագահ] 1932-ից 45 թվականն է եղել՝ չորս անգամ ընտրվել է նախագահ, ու այդ ժամանակաշրջանում որևէ մեկը չէր կարող մեղադրել, որ Միացյալ Նահանգները ժողովրդավարական խնդիր ունի։ Ինչ վերաբերում է պարոն Սահակյանի անձին, ես կասեի, որ շատուշատ երկրներ կերազեին ունենալ Բակո Սահակյանի նման ազգային, պետական առաջնորդ։

«Ազատություն». - Սահմանադրությունը նրա համար փոփոխվեց, պարոն Շարմազանով, որպեսզի նա ունենա՞ այդ հնարավորությունը՝ մինչև 2020-ը Ազգային ժողովի կողմից ընտրվելու, ապա նաև ուղղակի ընտրությունների միջոցով։

Շարմազանով. - Սահմանադրությունն ինչի համար փոխվեց, դրան կարող են պատասխանել քաղաքական ուժերը Արցախի Հանրապետության և Արցախի քաղաքացիները։ Սահմանադրական բարեփոխումների ժամանակ շատ լուրջ, հստակ նշվել է, թե ինչի համար է փոխվում, և ոչ դրա համար, սա առաջինը։ Երկրորդը՝ եթե իմ մասնավոր կարծիքն եք ուզում իմանալ, դա որևէ խոչընդոտ չի հասցնում Արցախի ժողովրդավարությանը, երրորդ՝ դա շատ կարևոր որոշում է, որը կիրականացնեն Արցախի Հանրապետությունում ընդգրկված քաղաքական ուժերը։

«Ազատություն». - Ինչո՞ւ չունենալ այլընտրանք, պարոն Շարմազանով, Ղարաբաղում չկա՞ այլընտրանք։

Շարմազանով. - Թող առաջադրեն, իսկ ո՞վ է սահմանափակված Արցախում այլ թեկնածու առաջադրելու, թող առաջադրեն։ Արցախում կան և ընդդիմադիր ուժեր՝ պառլամենտում, և՛ իշխանական ուժեր։ Դա բացառապես Արցախի Հանրապետության քաղաքական ուժերի որոշելու խնդիրն է։

Նշենք, որ Ղարաբաղում իշխող կոալիցիայի մաս կազմող, խորհրդարանում իր մեծությամբ 3-րդ ուժը՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-ը անցած շաբաթ հայտարարեց, թե նախագահի պաշտոնում առաջադրում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ազատ Հայրենիք» կուսակցությունն իր որոշման մասին կհայտարարի հուլիսի 5-ին կայանալիք համագումարում:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյանը, համագումարի օրակարգում ընդգրկված է նաև Ղարաբաղի նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի թեկնածությունն առաջադրելու հարցը:

Թե ինչո՞ւ խորհրդարանի ամենամեծ ուժը՝ «Ազատ հայրենիք»-ը այդ պաշտոնում չի առաջադրում կուսակցության ղեկավարին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանին, խմբակցության պատգամավոր Արամ Գրիգորյանը հորդորեց այդ հարցը հենց վարչապետին ուղղել:

Փոխարենը Հայաստանի իշխող ուժի խոսնակ էդուարդ Շարմազանովն «Ազատության» հետ զրույցում պնդում է՝ հայության շահերից է բխում, որպեսզի Բակո Սահակյանը շարունակի պաշտոնավարել։

Շարմազանով. - Ինչո՞ւ, որովհետև Բակո Սահակյանն ունի այն բոլոր մարդկային, ազգային, պետական գործչին հարիր հատկությունները, Արցախի Հանրապետության համար թիվ մեկ կարևորագույն խնդիրը դա անվտանգությունն է, և Բակո Սահակյանն այն լիդերն է, որը կարող է այսօր լուծել Արցախի Հանրապետության առջև ծառացած խնդիրները։

«Ազատություն. - Նույն հիմնավորումներով հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել արդեն վարչապետի պաշտոնում։

Շարմազանով. - Մի անգամ ասել եմ, չնայած Դուք շատ փորձառու և համակրելի անձնավորություն եք, բայց դրանից իմ պատասխանները չեն փոխվելու՝ դանդաղ շտապեք, 2018 թվականը կգա, դրանից հետո մենք կքննարկենք։

Հավելենք, որ ԼՂ խորհրդարանը երկրի նախագահ կընտրի մոտ 3 շաբաթից: ՀՅ Դաշնակցությունը որևէ որոշում չունի այս հարցի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG