Մատչելիության հղումներ

ԹԻ․ ԱԺ ընտրությունների արդյունքների ձևավորման մեջ հիմնական դերը խաղացել է ընտրակաշառքը


«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻ) այսօր հրապարակած զեկույցում պնդում է, թե անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների ձևավորման մեջ հիմնական դերը խաղացել է բաժանվող ընտրակաշառքը։

Ամփոփելով նախընտրական շրջանի դիտարկումները՝ հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետներն արձանագրել են կաշառք բաժանելու 90 դեպք։

Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասաց, թե ընտրակաշառք բաժանել են գրեթե բոլոր քաղաքական ուժերը․ - «Կոնկրետ թվեր այստեղ չեմ բերել, բայց հիմնական մասը եղել է Հանրապետական կուսակցության կողմից: «Ծառուկյան» դաշինք, «Հայկական վերածնունդ», որոշ դեպքերում Հայ Յեղափոխական Դաշնակցություն․ մի երկու-երեք ասում էին մեր մոնիտորները՝ «ՕՐՕ» դաշինք, ՀԱԿ և այլն․․․ Բայց, երբ որ նայում ենք մասշտաբներին, իհարկե Հանրապետական կուսակցությունն էր հիմնականում»:

Հոկտանյանի շեշտադրմամբ՝ վարչական ռեսուրսի չարաշահումն այս ընտրություններում ևս ընդգծված դեր է ունեցել: Կենտրոնի դիտորդները աշխատանքային ժամերին նախընտրական շտաբերում տեսել են պետական և համայնքային ծառայողների:

Այս նույն ձեռագիրը կրկնվել է նաև այն մարզերում, որտեղ իշխանությունը պատկանում է «Ծառուկյան» դաշինքին և Դաշնակցությանը․ - «Գիտենք, որ «Բարգավաճը» մի շարք քաղաքներում, ասենք, նույն Արտաշատում կամ Եղեգնաձորում․․․ այստեղ ևս ֆիքսվել են հենց իրենց կողմից այդպիսի խախտումներ: Եթե վերցնում ենք Դաշնակցությունը․․․ Շիրակի և Արագածոտնի մարզերում մարզպետները Դաշնակցության ներկայացուցիչներ էին, և այստեղ նույնպես դիտարկվել է Աշտարակում և Գյումրիում»:

Զեկույցի համաձայն, ճնշումներ են գործադրվել նաև մանկապարտեզների, դպրոցների և առողջապահական հիմնարկների աշխատակիցների վրա։ Դիտարկելով 13 քաղաք՝ ԹԻ-ի մասնագետները եզրահանգել են՝ նախընտրական գործընթացում այդ մարդիկ ակտիվ մասնակցություն են ունեցել։

Վարուժան Հոկտանյանը, հիշեցնելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության աղմկահարույց բացահայտումը, ասաց, որ դա ամենատարածված խախտումներից մեկն է․ - «Մասնակցությունը շտաբերի աշխատանքներին կամ միջոցառումներին 53 դեպք է: Ասենք, 36 դեպք, երբ որ ֆիքսվել է, որ իրենց վերադասը իրենց ստիպել է մասնակցել այդ շտաբերի աշխատանքներին կամ հաճախել այդ միջոցառմանը: Կամ եղել են քվեարկել ստիպելու դեպքեր»:

Արձանագրվել են նաև ցուցակագրումներ, անձնագրերի հավաքում և, իհարկե, ասֆալտապատման ու բակերի բարեկարգման աշխատանքներ։ Ընտրախախտումների մասին օրինակներով խոսել Վարուժան Հոկտանյանն այս անգամ չցանկացավ՝ նշելով, որ նախընտրական շրջանում 2 անգամ ինքը ներկայացրել է արձանագրված խախտումների դեպքերը, սակայն, դրանք արդյունք չեն տվել։

Իրավապահ մարմինները լռել նաև ակնհայտ խախտումներ պարունակող դեպքերում․ - «Ես չեմ կարծում, որ դա, ինչպես տեսանք իրավապահ մարմինների, դատախազության աշխատանքից, դա կհանգեցնի իսկապես ինչ-որ լուրջ արդյունքների»:

Հոկտանյանի խոսքով, իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մեջ մեղավոր են նաև ընդդիմադիր ուժերը․ Հայաստանում չկա բազմակուսակցական համակարգ, ընդդիմությունը թույլ է թե՛ իր գործելաոճով, թե՛ ֆինանսապես․ - «Փողը քաղաքականության մեջ շատ կարևոր դեր է խաղում: Իհարկե ես չեմ ուզում սրանով ասել, որ միայն փողի պատճառով է, որ նրանք թույլ են: Բայց այդ ֆինանսական խնդիրները կան, և այստեղ գլխավորն է դառնում, իմ կարծիքով, թե ինչ պետք է արվի՝ ելնելով այս տվյալներից, որպեսզի նրան կարողանան ուժեղանալով թույլ չտան վարչական ռեսուրսի չարաշահում: Բայց սպասել, որ այսպիսի թույլ ընդդիմադիր կուսակցությունների՝ նաև ֆինանսական, բայց ոչ միայն ֆինանսական [առումով] պարագայում վարչական ռեսուրսը չի չարաշահվի, դա նշանակում է հուսալ, որ մի օր մի բարի թագավոր կգա այս երկիրը իշխելու ու կասի՝ վերջ, մենք այլևս չենք չարաշահում վարչական ռեսուրսը: Ես դրան չեմ հավատում»:

Վարուժան Հոկտանյանը ընդդիմադիրներին կոչ է անում լինել ակտիվ և 2022 թվականի ընտրություններին նախապատրաստվել հենց այսօրվանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG