Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին ներկայացված կոռուպցիոն և այլ մեղադրանքները լրջորեն վնասում են Եվրոպայի խորհրդի հեղինակությունը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը՝ հույս հայտնելով, որ ԵԽԽՎ խորհրդարանականները «կմաքրեն իրենց տունը»:
«Կարծում եմ, որ Եվրոպայի խորհրդից դուրս մարդիկ չեն տարբերակում խորհրդարանական վեհաժողովն ու Եվրոպայի խորհրդի այլ կառույցները: Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ազգային խորհրդարանների ներկայացուցիչներից, նրանք Եվրոպայի խորհրդի մշտական կազմի ներկայացուցիչներ չեն, սակայն այն, ինչ նրանք անում են՝ ազդում է բոլորի վրա, իսկ կոռուպցիային ու Սիրիա կատարած այցին վերաբերող մեղադրանքները շատ լուրջ են, և կարծում եմ, որ խորհրդարանական վեհաժողովը իրականացրել է այն, ինչ անհրաժեշտ է համարել:
Ես սպասում եմ հետաքննող կոմիտեի բացահայտումներին, մեղադրանքները շատ լուրջ են, բայց հույս ունեմ, որ նրանք կկարողանան հասնել դրանց խորքին ու բացահայտել այն, ինչ պետք է»,- ասաց Նիլս Մուժնիեկսը:
Օրեր առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի ավարտից հետո 160 ստորագրությամբ ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնվել կառույցի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը: Ապրիլին էլ ԵԽԽՎ կառույցի իսպանացի նախագահին անվստահություն էր հայտնել կառույցի բյուրոն:
ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում Պեդրո Ագրամունտին ներկայացվող մեղադրանքների ու քննադատությունների պատճառը ռուսաստանցի պատգամավորների հրավերով Սիրիա կատարած այցն էր: Ավելի վաղ ԵԽԽՎ հայ խորհրդարանականները բարձրաձայնում էին, որ Ագրամունտը Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունենալով՝ հակահայկական գործողություններ է իրականացնում, ազդելով նաև քվեարկության վրա:
«Չեմ կարող ասել, թե ինչ կբացահայտի հետաքննող հանձնաժողովը: Ագրամունտի դեմ մեկ քրեական գործ է հարուցված Իտալիայում, նրա հասցեին բազմաթիվ այլ մեղադրանքներ են հնչեցվել, բայց մինչև այժմ որևէ հստակ փաստ չի հրապարակվել: Քննությունն ընթացքի մեջ է, եթե ապացույց չներկայացվի, որ կաշառքով քվեներ են գնվել, ապա հուսով եմ՝ համապատասխան քայլեր կիրականացվեն: Այս հարցում որոշողը ես չեմ:
Խորհրդարանական վեհաժողովն է ինձ ընտրել, ես մասնակցում եմ նրանց աշխատանքին՝ ներկայացնելով տարեկան զեկույցը, երբ ինձ հրավիրում են: Բայց նրանց մնացյալ աշխատանքն անկախ է ինձնից: Ես հետաքրքրությամբ հետևում եմ և հույս ունեմ, որ նրանք կմաքրեն իրենց տունը, քանի որ դա ազդում է Եվրոպայի խորհրդի ամբողջ աշխատանքի վրա»,- շարունակեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:
Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներում մարդու իրավունքների վիճակին հետևող հանձնակատարը Լատվիայի մայրաքաղաքում պատասխանելով «Ազատության» հարցերին՝ անդրադարձավ նաև Հայաստանում մարդու իրավունքների վիճակին: Հարցին՝ ըստ ձեզ, Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, Մուժնիեկսը, որը վերջին անգամ Երևան է այցելել մոտ երկու տարի առաջ, հստակ պատասխան չտվեց:
«Ես չեմ կարող հստակ այո կամ ոչ պատասխանել: Յուրաքանչյուր դեպք պետք է առանձին ուսումնասիրել: Հայաստան այցի ընթացքում ուսումնասիրելով երկրի դատական համակարգի անկախության ու անաչառության հարցերը՝ ես որոշ թերություններ ու խնդիրներ եմ արձանագրել: Նույնիսկ ձեր նախորդ օմբուդսմենը դատական համակարգում առկա կոռուպցիայի վերաբերյալ մեծ զեկույցով էր հանդես եկել: Հետևաբար՝ դատական համակարգում կան հստակ խնդիրներ, որոնց մասին պետք է բարձրաձայնել:
Ընտրովի արդարադատությունը խնդիր է, որն առկա է թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում: Ես հույս ունեմ, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ մենք կարող ենք բարձրաձայնել ու լուծում տալ այդ խնդիրներին, ինչպես նաև համարժեքորեն արձագանքել պնդումներին ու ենթադրություններին, որ արդարադատությունն ընտրովի է, մարդիկ թիրախավորվում են քաղաքական հայացքների համար»,- ասաց Նիլս Մուժնիեկսը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նաև նշեց, որ իր մատնանշած ոլորտներում տեղի ունեցած զարգացումներին կանդրադառնա հաջորդ տարվա սկզբին, երբ կրկին կայցելի Հայաստան: 2014-ի հոկտեմբերին կատարած այցից արդյունքով հրապարակած զեկույցում Մուժնիեկսը բարձրաձայնել էր հայաստանյան դատական համակարգի անկախության հետ կապված խնդիրների մասին, անդրադարձել էր նաև ոստիկանության գործողություններին, գենդերային հավասարության ու կանանց դեմ բռնությունների թեմաներին: