Մատչելիության հղումներ

Այն, ինչ հայտարարել է հանրապետության նախագահն, ուժի մեջ է. Սամվել Ֆարմանյան


Այն, ինչ հայտարարել է հանրապետության նախագահն, ուժի մեջ է։ Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման ժամանակ ասաց իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Ֆարմանյան. - Այն, ինչ հայտարարել է հանրապետության նախագահն, ուժի մեջ է։ Դրանք Դուք կարող եք դնել և համադրել, Ձեզ համար ստանալ պատասխանը։ Ինչպե՞ս կարող է քաղաքական որևէ ուժ գործընթացներից տասը ամիս առաջ հայտարարել, թե ով է լինելու իր վարչապետի թեկնածուն։

«Ազատություն»․ - Ի՞նչն է ուժի մեջ, որ մեկ անձը երկու անգամից ավել չի՞ կարող երկիրը ղեկավարել, դա՞ է ուժի մեջ։

Ֆարմանյան. - Անձի խնդիրը չի, հիմա մեր կառավարությունն աշխատում է, հիմա եթե այդ կառավարությունը շատ լավ արդյունքներ է արձանագրում, տա Աստված, դիցուք, բնական է, չէ՞, որ և՛ հասարակության, և՛ այդ կառավարությունը ձևավորած քաղաքական ուժի գնահատականը մի սանդղակի վրա է լինելու։ Տրամաբանական է, չէ՞։ Աստված մի արասցե, եթե այդպես չէ, տրամաբանական է, որ այլ սանդղակի վրա կլինի, չէ՞: Հետևաբար, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ որևէ երկրում գործընթացներից գրեթե մեկ տարի առաջ նման հայտարարություն լինի։ Նախևառաջ, դա հնարավոր չէ այն պատճառով, որովհետև օրակարգում նման խնդիր չկա և այդ հարցը չի քննարկվել, հասկանո՞ւմ եք։ Ես հասկանում եմ, որ նման հարցապնդումներն իրենց մեջ շատ մեծ հետաքրքրություն են պարունակում, որոշակի ինտրիգայնություն կա, այս ամենը շատ հասկանալի է, բայց կա նաև քաղաքական զարգացումների տրամաբանություն և ժամանակագրություն։

«Ազատություն». - Բայց չասացիք՝ Սերժ Սարգսյանի ո՞ր ասածն է մասնավորապես ուժի մեջ, որ երկու անգամից ավել մեկ անձը չի՞ կարող երկիրը ղեկավարել։

Ֆարմանյան. - Այո, այո...

«Ազատություն». - Սա ենթադրում է, որ վարչապե՞տ էլ պետք է չդառնա, որովհետև, ըստ էության, 2018-ին երկիրը վարչապետն է ղեկավարելու։

Ֆարմանյան. - Կապրենք՝ կտեսնենք, կապրենք՝ կտեսնենք, որովհետև քաղաքական կուսակցությունը նման հարց չի քննարկել։ Ի՞նչ իրավիճակ կլինի 2018 թվականի ապրիլին՝ այ եթե Դուք կամ որևէ հարգարժան մեր գործընկեր, կամ փորձագետ կարողանա 100-տոկոսանոց պարզությամբ նկարագրել այն իրավիճակն, ինչ կլինի 2018 թվականի ապրիլին, ժամանակի մեքենա ստեղծենք, այդ դեպքում գուցե հնարավոր կլինի այդ հարցը քննարկել և որոշում կայացնել։ Բայց հավատացնում եմ Ձեզ, որ հիմա ուղղակի որևէ մեկի կամքից անկախ դա անհնար է։ Այլ բան, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր նախանշած կամ նախասիրած զարգացումների տարբերակները։ Բայց ռեալպոլիտիկի տեսանկյունից Դուք գիտեք, որ որոշումները կայացվում են տվյալ պահին, տվյալ իրավիճակում՝ տվյալ իրողություններից ելնելով։

Հիշեցնենք՝ սահմանադրական փոփոխություններից առաջ՝ 2014 թվականի ապրիլին, Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել էր, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում: «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում», - ասել էր նախագահը։

Սակայն այսօր ընդդիմությունը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG