Մատչելիության հղումներ

«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» ԼՂ նախագահի պաշտոնում առաջադրեց Բակո Սահակյանի թեկնածությունը


Բակո Սահակյան, արխիվ
Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղում իշխող կոալիցիայի մաս կազմող «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» այսօր ԼՂ նախագահի պաշտոնում առաջադրեց գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը: Մոտ երեք շաբաթից ԼՂ խորհրդարանն ընտրելու է անցումային շրջանի նախագահին: Սահակյանն առայժմ նախագահի միակ թեկնածուն է։

«Ազատության» հետ զրույցում ԱԺԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն ասաց․ «Այսօր տեղի է ունեցել ԱԺԿ 5-րդ համագումարը, որի ընթացքում կայացվել է որոշում՝ առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը»:

Բաղրյանը նշեց, որ առաջիկա օրերին տեղի կունենան կոալիցիոն գործընկեր «Ազատ Հայրենիք» կուսակցության և ՀՅԴ խմբակցության քննարկումները, որոնց արդյունքում հստակություն կմտնի նաև քաղաքական այդ ուժերի կողմից առաջադրվելիք թեկնածուների հարցում։

Այս տարի փետրվարի 20-ին անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում ԼՂ-ում հաստատվեց կառավարման լիրարժեք նախագահական համակարգ: Նոր Սահմանադրությամբ՝ առաջիկա երեք տարիներին՝ մինչև 2020 թվականը, Ղարաբաղը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով: Այդ փուլում կպաշտոնավարի խորհրդարանի կողմից ընտրված նախագահը:

Գործող նախագահ Բակո Սահակյանը նախկին Սահմանադրությամբ նախատեսված երկու ժամկետով արդեն պաշտոնավարել է: Չնայած այդ հանգամանքին, ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը պնդում է, որ օրենքը Սահակյանին չի արգելում նորից առաջադրվել․ «Սա անցումային շրջան է, հնարավոր է նաև այդպիսի զարգացում, օրենքի տեսանկյունից չի արգելվում»: Հարցին՝ արդյո՞ք Սահակյանը ցանկանում է կրկին նախագահ դառնալ, Բաբայանը պատասխանեց՝ դեռ առաջարկ չեն ստացել, ստանալու դեպքում այն կքննարկվի։

3 տարի տևող անցումային փուլի ընթացքում Ղարաբաղում կառավարման համակարգ է փոխվելու, կարգավորվելու է նոր իրավական դաշտը։ Դրանից հետո՝ արդեն 2020 թվականին, Ղարաբաղում նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն։

Ղարաբաղի խորհրդարանի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի պնդմամբ, կատարված սահմանադրական փոփոխություններն ի սկզբանե Բակո Սահակյանի ղեկավարման ժամկետը երկարաձգելու նպատակ ունեին: «2016 թվականին իմ հստակ և ուղիղ հարցին՝ արդյոք դուք ցանկանու՞մ եք 2017-20 թվականներին մնալ անցումային շրջանի նախագահ, ինքը [Բակո Սահակյանը] դրական պատասխան է տվել: Այս ամբողջն իր ցանկության արդյունքն է»,- «Ազատությանն» ասաց Խանումյանը: Նա կարծում է, որ Բակո Սահակյանն, ի վերջո, կընտրվի, քանի որ «այս խորհրդարանը դեմ չի քվեարկի նրա թեկնածությանը»։

Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիթ Բաբայանը, մինչդեռ, ընդդիմախոսներին հիշեցնում է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ազատ է եղել, ԼՂ բնակիչներն են ընտրել կառավարման այս ձևը: Իսկ թե ով կընտրվի նախագահ, այդ մասին խոսելը դեռ վաղ է: «Եղել է բաց, թափանցիկ գործընթաց, և դրա արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,- հավելեց Բաբայանը:

Լեռնային ղարաբաղի խորհրդարանը հուլիսի 19-ից 29-ը ընկած ժամանակահատվածում նիստ կգումարի և անցումային նախագահ կընտրի։ Նոր Սահմանադրությամբ վարչապետի պաշտոն նախատեսված չէ՝ կառավարությունը կձևավորվի և կղեկավարվի նախագահի կողմից: Արդեն այս տարվա սեպտեմբերին գործող վարչապետ Արայիկ Հարությունյանը վայր կդնի լիազորությունները, իսկ ԼՂ Ազգային ժողովի ներկայիս նախագահ Աշոտ Ղուլյանն իր պաշտոնը կպահպանի մինչև 2020 թվականի ընտրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG