Մատչելիության հղումներ

Հայաստանում և Արցախում ապրում է մարդաբանական նույն տեսակը, որն ապրել է 8000 տարի առաջ


Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը: 30-ը հունիսի, 2017 թ․
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպմանը: 30-ը հունիսի, 2017 թ․

Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը այսօր հրավիրած ասուլիսին շեշտեց, որ վերջին երկու տարիներին հայաստանյան հնագետները, կենսաբանների միջազգային խմբի հետ, մի շատ ուշագրավ ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքները երեկ հրապարակվել են միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներից մեկում․ - «Վերջին տարիներին շարունակաբար մենք Հայաստանում և Արցախում պեղված հուշարձաններից մարդաբանական նմուշներ ենք ուղարկում՝ ԴՆԹ անալիզների համար: Եվ ահա բառացիորեն երեկ հրատարակվեց մի հետաքրքիր հոդված հայտնի ամսագրում: Այդ ամսագրում ներկայացվել է մայրական գծով ժառանգականության մասին այս տարածքներում մի հոդված, որը ցույց է տալիս, որ նեոլիթի, մոտավորապես Քրիստոսից առաջ 7-րդ հազարամյակի վերջերից առ այսօր այստեղ ապրող մարդիկ ժառանգական շարունակության մեջ են»:

Այսինքն՝ Հայաստանում և Արցախում կատարված պեղումներից հայտնաբերված մարդաբանական գենետիկ փաստերի հիման վրա գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ հազարամյակների ընթացում փոխվել են պետական և հասարակական կարգերը, մշակույթները, բայց այստեղ ապրում է մարդաբանական նույն տեսակը, որը ապրել է մոտ 8000 տարի առաջ․ - «Գենետիկական անալիզները ցույց են տալիս, որ գոնե մայրական գծով էստեղի ապրող բնակչությունը ըստ էության փոփոխության չի ենթարկվել: Այսինքն՝ այսօր այստեղ ապրող մարդիկ այն ժամանակների մարդկանց ժառանգներն են: Դա շատ արժեքավոր ուսումնասիրություն է: Հիշենք, որ մենք դեռ խնդիրներ ունենք հայոց ծագումնաբանության հարցերի պարզաբանման հետ կապված: Հիշենք, որ դրանք ոչ միայն զուտ գիտական խնդիրներ են»:

Ուշագրավ է, որ առաջին անգամն է, որ Հայաստանում և Արցախում հայտնաբերված հնագիտական նյութն այդ չափով արժանանում է միջազգային գիտական հանրության ուշադրությանը․ - «Հազար ու մի գիտական խնդիր կա, որ ԴՆԹ անալիզների արդյունքով կարող ենք քննարկման առարկա դարձնել: Առաջին անգամ է, որ հենց էս տեսանկյունից ենք նայում և միայն հայաստանյան նյութն ենք օգտագործել: Ընդ որում՝ բացի նրանից, որ մենք տեղաբնիկ ենք, մեր մեջ շարունակաբար ինչ-որ մարդիկ մտել են և մեր միջից հսկայական քանակությամբ մարդիկ դուրս են եկել ու գնացել են ուրիշ տեղ են ապրել: Սա կոնկրետ հենց պատասխան է բոլոր նրանց, ովքեր որ մտածում էին, որ եկած են և այլն․․․ Գոնե մարդաբանական առումով՝ ոչ: Երեկ տարբեր երկրների ԶԼՄ-ներով այս ամենը լուսաբանվել է, մամլո ասուլիսներով ներկայացվել է հանրությանը: Երեկվանից արդեն ամբողջ աշխարհով մեկ տարածվեց այս ուսումնասիրության արդյունքների մասին տեղեկատվությունը»:

Պավել Ավետիսյանի խոսքով, առհասարակ Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ անսպառ է հազարամյակների խորքից եկող հնագիտական նյութը:

«Ազատության» հարցին, թե արդյոք այս ամենը բացի գիտնականների նեղ շրջանակից չպիտի հայտնի դառնա նաև ոչ միայն լայն հասարակությանը, այլև լուրջ հեռանկարներ ստեղծի զբոսաշրջության համար, Պավել Ավետիսյանն արձագանքեց․ - «Զբոսաշրջության զարգացման հետ կապված պատասխանատու մարմինները կամ քաղաքականություն մշակողները պետք է աշխատեն մասնագետների հետ, ինչը չկա: Իրենք են որոշում, թե ինչ հուշարձաններ պիտի տանեն, ինչպիսի երթուղիներ պետք է մշակեն և այլն: Ես մի քանի անգամ հարց եմ բարձրացրել․ Հայաստանում զբոսաշրջությունը կարող է զարգանալ միայն մշակութային միջավայրը ցույց տալու շնորհիվ․․․ Մշակութային միջավայրը ստեղծողի հետ չեն փոխհարաբերվում, մշակութային միջավայրը արժեվորողի հետ չեն հարաբերվում․․․ Այսինքն այդ մշակութային միջավայրը ես և իմ նմաններն են ստեղծել, հնագետը, մշակութաբանը, որ աշխատել, բացել, ցույց է տվել և այլն: Եթե չեն գալիս, ինձ չեն հարցնում, էդ ի՞նչն են էդտեղ արժեվորում և ցույց տալիս․․․ Հնագիտական հուշարձանները, եթե նրանք պատրաստված են՝ մաքրված են, բարեկարգված է շրջապատը և այլն, ցուցադրելի են մարդկանց, դա պարտադիր պետք է ցուցադրվի, այլ ճանապարհ չկա: Հուշարձանը նրա համար ա, որ մարդիկ գան, տեսնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG