Մատչելիության հղումներ

Հայաստանում հաստատված սիրիահայերը «նախապատվությունը տալիս են ընտանեկան բիզնեսին»


Արևելյան խոհանոցի համն ու հոտը սիրիահայ ձեռներեց Դալիթա Դեգիրմենջյանի փոքրիկ տաղավարում հիշեցնում են Հալեպի մասին։ Հենց այնտեղից պատերազմը 3 տարի առաջ Հայաստան բերեց Դեգիրմենջյան ամուսիններին։ Եկան հաստատվեցին Երևանում, իսկ շատ չանցած որոշեցին սկսել սեփական գործը, և մի կողմ դնելով, ինչպես ինքն է բնորոշում՝ թագուհու կյանքը, գոգնոց կապեց, խոհանոց մտավ։

«Ազատության» հետ զրույցում ասաց, որ ընտանիքի տղամարդիկ չկարողացան աշխատանք գտնել, ուստի կանայք որոշեցին սեփական գործը ձեռնարկել:

Սկզբում տիկին Դալիթան ցուցահանդեսներում ներկայացրեց սիրիական անուշեղենն ու ճաշերը, իսկ 5 ամիս առաջ Երևանի կենտրոնում տեղակայված սիրիահայերի շուկայում բացեց սեփական տաղավարը։ Արաբական համեմունքներով պատրաստված ուտեստները սկզբում խորթ էին տեղացիների քիմքին, պատմում է հալեպահայուհին, իսկ հիմա արդեն շատերը հավանում են, պատվերներ են տալիս:

Թեև Հալեպն ազատագրվել է, բայց վերադառնալու մասին չեն մտածում։ «Սովորել ենք Հայաստանին», - անկեղծանում է սիրիահայուհին։ - «Հետ կգնանք միայն մեր տունն ու խանութը վաճառելու նպատակով»:

Հայաստանում ընտանիքի միակ դժվարությունը, ըստ նրա, բնակարան չունենալն է։ Ասաց, որ եթե իրենց տունը ունենան, կմնան Հայաստանում:

Տիկին Դալիթայի ամուսինը՝ Հովհաննես Դեգիրմենջյանը չցանկացավ խոսել։ Միայն լուռ նստած հետևում էր կնոջը, ով պանրով ղադաեֆի պատվերը հասցնելու համար գիշերն ընդամենը մի քանի ժամ էր քնել, բայց եռանդով պատմում էր իր ֆիրմային ուտեստների մասին։

Տիկին Դալիթայի տաղավարից մի փոքր այն կողմ մեկ այլ սիրիահայ Գևորգ Սուքիասյանի վարսավիրանոցն է։ Հաճախորդների պակաս 22-ամյա երիտասարդը չունի։ Հերթի տակ աշխատում է և հպարտանում՝ իր փոքրիկ բիզնեսի շնորհիվ կարողացավ ծնողներին պատերազմող Հալեպից հայրենիք տեղափոխել։

3 տարվա մեջ Գևորգը հասցրել է բիզնեսն ընդլայնել։ Մեծացրել է ու կահավորել տարածքը, որ հաճախորդներն իր սրահի դուռը հաճույքով բացեն․ - «Շատ ենք հաճախորդները: Փառք Աստծո, գոհ ենք»:

Հալեպի շուկայի հնաբնակը ևս Սիրիա հետ վերադառնալու ցանկություն չունի, թեև ընտանիքն այնտեղ թողել է ամեն ինչ։

Գևորգն ասում է՝ պետք է առաջ նայենք: Հարցին՝ Հայաստանում ապագան լուսավո՞ր է, արձագանքեց․ - «Ստեղ ֆիքս ա․ ստեղ նայում են, որ աշխատեն՝ ապրեն: Ստեղ առաջ գնալ չկա այս քաղաքում, որովհետև դժվարությունը էն ա, որ թանկ ա ամեն ինչ»:

Հարկերը շատ են՝ նեղվում է Գեւորգը, բայց կրկին մկրատը ձեռք է առնում, սկսում աշխատել՝ հաճախորդներին առաջարկելով իր նորաձեւ սանրվածքները։

Սպասարկման, առևտրի, սննդի ոլորտներում աշխատող սիրիահայ գործարարներին աջակցում է նաև պետությունը։ «Ազատության» հետ զրույցում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ մինչև բիզնեսը սկսելը նրանք նախ մեկամսյա ուսուցումն են անցնում, ընթացքում բիզնես ծրագիր գրում, իսկ ցանկության դեպքում՝ օգտվում արտոնյալ վարկային պայմաններից։

Դիտարկմանը, թե սիրիահայ գործարարները բողոքում են բարձր հարկերից, Հակոբյանն արձագանքեց․ - «Ցանկացած գործատու երազում է հարկ չմուծել և գործը զարգացնել: Իհարկե, կա հարկային տարբերություններ Սիրիայի և Հայաստանի հարկային քաղաքականության մեջ, բայց, կարծեմ, մերոնք հարմարվում են»:

Նախարարը նշեց, որ սիրիահայերի մեծ մասը նախապատվությունը տալիս է ընտանեկան բիզնեսին, որը բազմաթիվ հարկային արտոնություններ ունի: Նա նաև նկատեց՝ հայրենիքում ապագա փնտրող սիրիահայերի թիվը շարունակում է ավելանալ։ Վերջին 6 ամսվա ընթացքում ևս 300 մարդ է տեղափոխվել Հայաստան։

Նշեմ, որ ըստ վերջին տվյալների, այստեղ ապրում է 22 հազար սիրիահայ, նրանց գերակշիռ մասը՝ Երևանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG