Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանի հարցով ՆԱՏՕ-ի նիստին, հանդիպումներ ունեցել


ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլեր, Բրյուսել, 29-ը հունիսի, 2017թ․
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլեր, Բրյուսել, 29-ը հունիսի, 2017թ․

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» գործողության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների նիստին։

Նիստի ընթացքում Սարգսյանը հանդես է եկել ելույթով՝ իր գործընկերներին ներկայացնելով Աֆղանստանում և ընդհանրապես լայն տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման Հայաստանի մոտեցումներն ու տեսլականը, ինչպես նաև առաջարկելով որոշակի լուծումներ՝ առկա խնդիրների պաշտպանական բաղադրիչի շրջանակում։ Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նիստի ավարտից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև գլոբալ ու տարածաշրջանային ավտանգության խնդիրներին, ներկայացվել է Հայաստանում ընթացող պաշտպանական բարեփոխումների շրջանակը, տեսակետներ են փոխանակվել դրանց իրականացման գործում ՆԱՏՕ-ի օժանդակության հնարավորությունների ու ձևաչափի վերաբերյալ։

Բրյուսել այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Եվրոպական միության ռազմական կոմիտեի նախագահ, բանակի գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ։ Քննարկվել են Հայաստանի և Եվրամիության ռազմական օղակների միջև համագործակցության հաստատման հնարավորությունն ու հեռանկարները։

Քաղաքացիական հասարակության հետ համագործակցության շրջանակում Վիգեն Սարգսյանը Քարնեգի հիմնադրամի եվրոպական մասնաճյուղում հանդիպում է ունեցել մի շարք միջազգային հետազոտական կենտրոնների փորձագիտական անձնակազմի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Նախարարը պատասխանել է փորձագետների հարցերին, ինչպես նաև ծանոթացել նրանց կողմից իրականացված վերջին հետազոտությունների ու վերլուծությունների արդյունքներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG