Մատչելիության հղումներ

«Սպայկան» փորձում է «մոնոպոլ դիրք գրավել ծիրանի արտահանման ոլորտում»


Ծիրան արտահանողները հայաստանյան «Սպայկա» ընկերությանը մեղադրում են Ռուսաստանում իրենց արտադրանքը իրացնելուն խոչընդոտելու մեջ։

«Սպայկան» զբաղվում է միրգ-բանջարեղենի արտահանմամբ և ոլորտում խոշորագույններից է։ Արտահանողներից մեկը, չներկայանալու պայմանով, «Ազատության հետ» զրույցում ասաց, որ Կրասնոդարի շուկան, որտեղ հիմնականում իրացնում էին հայկական ծիրանը, այժմ փակ է իրենց համար․ - «Ասել են, «Սպայկան» ա մենակ վաճառելու, մտցնելու մեր շուկա»:

Արտահանողն ասաց, որ արդեն մի քանի օր է շուկայի անվտանգության աշխատակիցները միայն «Սպայկա» ընկերության ծիրանն են ներս թողնում։ Այս շուկան, նրա խոսքով, շատ կարևոր է, քանի որ սպասարկում է Ռուսաստանի հարավը. այստեղ գները բարձր են, և հայերը հիմնականում հենց այստեղ էին վաճառում իրենց ծիրանը։

Մեր զրուցակցի տեղեկություններով, «Սպայկան» շուկայի տնօրինությանը վճարել է արտոնություն ստանալու համար․ - «Մեկն ասում ա՝ 2 միլիոն ռուբլի ա տվել, մեկը ասում ա՝ 20 հազար ա տվել դոլարով․․․ չեմ կարա կոնկրետ ասեմ»:

Խնդրի մասին առաջինը բարձրաձայնել էին ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամները։ Մայրաքաղաքի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի խոսքով, Հայաստանից ծիրան արտահանողները Կրասնոդարի երկու շուկաներում են բախվել այս խնդրին։ «Սպայկան», ըստ նրա, փորձում է ոլորտում մոնոպոլ դիրք գրավել, իսկ խնդրի մասին բարձրաձայնած արտահանողներից մեկը հայկական ծիրանից հրաժարվել է և Վրաստանից է միրգ արտահանելու․ - «Նա հրաժարվեց դրանից: Բնականաբար, էդ մի քանի տոննա ծիրանը մնաց դաշտերում: Կամ չի մնա նույնիսկ դաշտերում, այլ «Սպայկան» և մեծ ընկերությունները կգնան և շատ ավելի ցածր գներով կվերցնեն էդ ծիրանը գյուղացուց: Էստեղ կտուժի գյուղացին, մեծ ընկերությունները կստանան գերշահույթ: Եվ սրանով ամեն ինչ կվերջանա»:

Հարությունյանի կարծիքով, նույն բանը ապագայում կարող է կրկնվել նաև այլ մրգերի դեպքում։

Փորձեցինք կապվել «Սպայկա» ընկերության հետ, սակայն պատասխանեցին, որ մամլո խոսնակը զբաղված է և այսօր չի կարող հարցերի պատասխանել։

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ևս հետաքրքրված է խնդրով։ Արդեն մի քանի օր է նա Ֆեյսբուքում արձագանքում է խնդրի մասին «Ելք» դաշինքի ներկայացուցիչների գրառումներին։

«Ազատության» հետ զրույցում պատգամավորը ասաց, որ կապի մեջ է «Սպայկա» ընկերության ներկայացուցիչների հետ, շատ արտահանողների խնդիրներն արդեն լուծվել են․ - «Իրենց տեսանկյունից որևէ կերպ կապ չունի իրենց գործունեության հետ, այլ առավել կապ ունի նույն այդ շուկաներում այլ երկրների դերակատարության հետ և այլն, և այլն: Տարբեր մարդիկ, արտահանողներ կապ են հաստատել «Սպայկա» ընկերության հետ էդ տեղերում, էդ շուկաներում, չգիտեմ որտեղ, և կարողացել են ընդհանուր հայտարարի գալ և բերքը իրացնել»:

Արայիկ Հարությունյանի կարծիքով, խնդիրը ոչ թե «Սպայկա» ընկերությունը պետք է լուծի, այլ ոլորտը կարգավորող նախարարությունը։

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը «Ազատության» հետ զրույցում խորհուրդ տվեց «Սպայկա» ընկերությանը «սև փիար» չանել և չքաղաքականացնել հարցը։ Հավելեց, որ իրենց կարծիքով, այստեղ խնդիր չկա, քանի որ շուկան որոշել է մեկ ներկրողից օգտվել․ - «Գնորդը որոշել ա, ենթադրենք, էդ մի շուկան՝ Կրասնոդարում գտնվող, աշխատի «Սպայկայի» հետ: Գնորդն ա որոշում, մեկ ընկերության հետ աշխատել, տասը, թե երեք: Կան բազմաթիվ շուկաներ: Մենք Ռուսաստանի Դաշնությունում մեր հանրապետության առևտրային ներկայացուցչի միջոցով ուղղորդել ենք այլ՝ Ռոստովի շուկաներ․․․»

Սա վերջին օրերին «Սպայկա» ընկերության հետ կապված միակ աղմկահարույց պատմությունը չէ։ Մոտ մեկ շաբաթ առաջ կառավարությունը Երևանի քաղաքապետի առաջարկով հսկայական տարածք նվիրաբերեց «Սպայկային»։

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը ասաց, որ ավագանու վերջին նիստում էին տարածքները օտարելու որոշում կայացրել, բայց ոչ ոք չէր ասում, որ այն նվիրաբերվելու է, ինչը կասկածելի է։

Ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կարծիքով, այստեղ կոռուպցիոն ռիսկ կա։ «Սպայկան» օտարելու հենց հաջորդ օրն է դիմել քաղաքապետարանին և միլիոնավոր դոլարների ներդրումների ծրագիր ներկայացրել․ - «Նախապես արդեն պայմանավորված գործարքի մասին է գնում խոսքը: Եվ դրանից հետո Տարոն Մարգարյանը դիմում է կառավարությանը, և կառավարության [նիստի] օրակարգի մեջ չներառված հարց է մտնում: Սա միանշանակ փաստում է, որ մեզանից ապօրինի օտարել են շուրջ 50 միլիոն դոլարի ունեցվածք»:

Փոստանջյանը ասաց, որ իրենք իրավապահներին են դիմելու՝ հասկանալու համար, թե ինչպես է գործարքը իրականություն դարձել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG