Մատչելիության հղումներ

Ամենշաբաթյա Դամասկոս - Երևան - Դամասկոս չվերթը կիրականացվի մինչև ամռան վերջը


Կեսօրին մոտ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Դամասկոս - Երևան օդանավը։ Մեկ շաբաթ առաջ բացված կանոնավոր չվերթով հերթական անգամ հայրենիք ժամանեցին արաբական աշխարհի պատերազմը վերապրած սիրիահայերը։

Գաբրիելյանների ընտանիքն առաջին անգամ է Հայաստանում։ Եկել են, որ այստեղ ապրող հարազատներից կարոտն առնեն։ Նրանց խոսքով` պատերազմը վերապրելուց հետո, այս այցն իրենց համար բուժիչ բնույթ է ունենալու։

Հալեպում ապրող Սյուզան Գաբրիելյանն ասաց, որ հուսով են, թե Երևանում կմոռանան իրենց ցավերն ու վշտերը:

«Թալանված ու քանդված Հալեպը դանդաղ քայլերով վերականգնվում է», - ուրախությամբ իր ծննդավայրի մասին պատմում է տիկին Սյուզանը։ Կենդանություն է ստանում նաև Սուլեյմանիե թաղամասը, որտեղ ազատագրումից հետո թալանված գտնել են իրենց տունը։ Ասաց, որ վախի զգացողություն արդեն չունեն, և հույս հայտնեց, որ Հալեպից հեռացած հայերը կվերադառնան. - «Հոս մեր մայր Հայրենիքն է, բայց հոն ալ մեր ծննդավայրն է»:

Հայրենիքից Հալեպ վերադարձողները քիչ չեն, բայց գալիս են ու հիմնականում հետ դառնում։ Հարցին, թե ինչու մնացիք պատերազմող երկրում, Սյուզան Գաբրիելյանը պատասխանեց. - «Չուզեցինք մեր քաղաքեն ելնել»:

Երկուևկես ժամ թռիչք ու երեքուկես տարվա ընդմիջումից հետո կրկին հայրենիքում են։ Նորա Աբուսեֆյանը Հալեպի ազատագրումից հետո առաջին անգամ ինքնաթիռ բարձրացավ ու առանց վախի զգացումի Հայաստան հասավ։ 15 օրով է եկել։ Նա ասաց, որ Հալեպը կրկին հայերով է վերաբնակեցվում, քաղաքի ազատագրումը մեծ ուրախություն էր բոլորի համար:

Դեռևս պատերազմող Սիրիան Հայաստանի հետ կապող օդային օղակի առկայությունը շատ է ոգևորել հալեպահայությունը։ Մեր բոլոր զրուցակիցները սա փաստելով նշում էին՝ այսուհետ Հալեպ - Երևան կապն էլ ավելի է ամրապնդվում։

Դամասկոս - Երևան - Դամասկոս չվերթը մինչև ամռան վերջը կլինի կանոնավոր և կիրականացվի ամեն չորեքշաբթի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG