Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ նախագահին հեռացրեցին ԵԺԿ քաղաքական խմբից


Պեդրո Ագրամունտը Սիրիայում, մարտ, 2017թ.
Պեդրո Ագրամունտը Սիրիայում, մարտ, 2017թ.

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պեդրո Ագրամունտին, ում այդ պաշտոնից հեռացնելու համար այժմ Վեհաժողովում ստորագրություններ են հավաքվում, այսօր առավոտյան հեռացրել են ԵԽԽՎ ամենամեծ՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական խմբից: Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առավոտյան թեժ քննարկումներ և բարդ քվեարկություններ են տեղի ունեցել:

«Այսօր առավոտյան շատ թեժ քննարկում էր քաղաքական խմբում, ոչ մի այլ հարց չհասցրեցինք քննարկել, մեկուկես ժամ միայն Անգրամունտին խմբից հեռացնելու հարցն էր դրված, բայց երկու բարդ քվեարկությունների արդյունքում, ըստ էության, հեռացվեց, որովհետև վիճարկվում էր առհասարակ նման քվեարկություն անցկացնելու լեգիտիմությունը, իրավական հիմքի առկայությունը, և փաստացի քվեարկություն անցկացվեց քվեարկություն անցկացնելու հնարավորություն մասին, դրանից հետո արդեն 30 կողմ, 3 ձեռնպահ ձայներով Ագրամունտը հեռացվեց խմբից, բոլոր նրանք, ովքեր դեմ էին, որ Ագրամունտը հեռացվի, խնդրել են իրենց անունները մտցնել արձանագրության մեջ՝ ասելով, որ իրենք հրաժարվել են մասնակցել քվեարկությանը», - ասաց Հովհաննիսյանը։

Հարցին, թե ովքեր էին դեմ, որ պատվիրակություններից էին դեմ, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Խառն էին պատվիրակությունները՝ իսպանական պատվիրակությունն էր, ռումինական պատվիրակությունն էր, մոլդովական պատվիրակությունն էր, տարբեր կային, բայց դրանք հիմնականում առանձին դեպքերում հակահայկական բանաձևերի հեղինակներ են, կամ հակահայկական փաստաթղթերի տակ ստորագրողներ են, բայց այս դեպքում նրանք Ագրամունտի ամենաջերմեռանդ պաշտպաններն էին»։

Մինչ այդ դեռ ապրիլին՝ գարնանային նստաշրջանի ընթացքում, ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց նախագահ Պեդրո Ագրամունտին՝ զրկելով նրան կառույցի անունից բանակցություններ վարելու, պաշտոնական այցելություններ կատարելու կամ հայտարարություններով հանդես գալու իրավունքից:

Վեհաժողովի պատգամավորների անվստահության պատճառը մարտին Ագրամունտի այցն էր Սիրիա և նրա հանդիպումն այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ։

Արդեն ապրիլին Ագրամունտին անվստահություն հայտնեցին, սակայն նա դեռ դե յուրե շարունակում է պաշտոնավարել:

Վեհաժողովում ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվել, քանի որ ԵԽԽՎ կանոնակարգն ընտրված պաշտոնյաների հեռացման մեխանիզմներ չէր ներառում, իսկ Ագրամունտն էլ հրաժարական չէր ներկայացնում:

Երեկ ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձև, որն իրավական հիմքեր է ստեղծում Ագրամունտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից հեռացնելու համար: Այժմ հավաքվում են ստորագրություններ՝ պաշտոնանկության գործընթացը սկսելու համար, սակայն հնարավոր է, որ բուն պաշտոնանկությունը կատարվի ոչ թե ամառային, այլ առաջիկա աշնանային նստաշրջանի ընթացքում:

Ագրամունտին հեռացնելու համար անհրաժեշտ է ԵԽԽՎ 324 պատվիրակների 2/3-ի կողմ քվեարկությունը:

«Պետք է համապատասխան քանակությամբ ստորագրություններ հավաքվեն իրավական գործընթացը սկսելու համար։ Այս քվեարկությունները այս պահին էլ հավաքվում են և կներկայացվեն քարտուղարութուն, որից անմիջապես հետո տեղի կունենա քվեարկություն։ Հարցը ոչ թե այն է, որ ԵԽԽՎ-ն հետաձգում է հարցի քննարկումը, այլ պարզապես պարզ հաշվարկ է կատարվում՝ հաշվի առնելով այն, որ իրավական հիմքը ստեղծվեց երեք ստորագրությունները կարող էին հավաքվել այսօր և ներկայացնելու դեպքում համապատասխանաբար քարտուղարություն դա կարող է դրվել քննարկման հինգշաբթի կամ ուրբաթ օրը։ Հինգշաբթի կամ ուրբաթ օրը պատվիրակների մի զգալի հատված պարզապես բացակայում է Վեհաժողովից և դա կարող էր իրականում վտանգել ընթացակարգը, որովհետև պահանջվում է պատվիրակների 2/3-ը՝ անվստահություն հայտնելու համար։ Այդքան պատվիրակ կարող էր և չլիներ Վեհաժողովում», - ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ սա կուլիսային մտահոգություն է. - «Իսկ այս պահին հավաքվում են ստորագրությունները և կներկայացվեն քարտուղարություն»։

ԵԽԽՎ նախագահը ընտրվում է մեկ տարի ժամկետով և հնարավորություն ունի ևս մեկ անգամ վերընտրվելու։ Պեդրո Ագրամունտը ընտրվել է ԵԽԽՎ նախագահ 2016 թվականի հունվարին, վերընտրվել 2017-ին։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2018 թվականի հունվարին:

Հայաստանում շատ քաղաքական գործիչներ Ագրամունտին ադրբեջանամետ են համարում և մեղադրում հակահայկական պահվածքի մեջ:

Երևանում նրա հրաժարականի պահանջով անգամ բողոքի ցույցեր են եղել, իսկ միջազգային մամուլն էլ գրում էր նրա և Ադրբեջանի ղեկավարների միջև սերտ կապերի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG