Մատչելիության հղումներ

Մշակույթի նախարարության երիտասարդ աշխատակիցները կիրագործեն «Տապ չկա» նախագիծը


Ամառային տապը մեղմելու նպատակով մեր համաքաղաքացիների համար Մշակույթի նախարարության երիտասարդ աշխատակիցների նախաձեռնությամբ մշակվել է «Տապ չկա» ծրագիրը, որի նպատակն է ամառային ամիսների ընթացքում, աշխատանքային շաբաթվա ավարտից հետո՝ շաբաթ և կիրակի օրերին, երեկոյան բացօթյա համերգներ և կինոդիտումներ կազմակերպել` այսպիսով մարդկանց փրկելով տաղտկալի տապից տանը պատսպարվելու հեռանկարից:

«Մենք ուրախությամբ ուզում ենք հայտնել լուրը, որ Երևանում այլևս տապ չկա: Երիտասարդ մեր աշխատակազմը, աշխատակիցները խելահեղ մի նախագիծ են նախապատրաստել, և, կարծում եմ, որ այս ամառվա շոգ օրերին լինելու է իսկապես նման զովացուցիչ բոլորիս համար», - նշեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Ծրագրի պատասխանատուներից Շողակաթ Մլքե-Գալստյանն ասաց. - «Մեր այս փառատոնի նպատակը երաժշտական կոմպոնենտով քաղաքի երաժշտությունը փոխելն է` ռոք, ջազ, ֆոլկ, փոփ... Մենք ամբողջովին տրանսֆորմացնում ենք այն երաժշտությունը, որ մենք սովոր ենք լսել սրճարաններին: Մեր մոտ գալիս է լրիվ նոր տեսակ: Իսկ կինոբաղադրիչով մենք փորձում ենք մեր տարվա ընթացքում, կամ տարիների ընթացքում ստեղծած բոլոր լավագույն ֆիլմերը լինեն շատ ավելի հասանելի մեր հանրությանը»:

Ուշագրավ է, որ նախագիծն իրականացվում է բացառապես երիտասարդների ջանքերով. չէ՞ որ նրանք ի վերջո լավ գիտեն իրենց սերնդակիցների պահանջները: Բացի այդ, այս ծրագրի շնորհիվ փորձ է արվում նոր մշակույթ հաստատագրել մեր իրականության մեջ. - «Փորձում ենք նորովի մենք բերենք մշակույթը շաբաթ-կիրակիների... Որ անպայման չի, որ իրենք լինեն տանը, կամ սրճարանում, կամ ուղղակի ամեն շաբաթավերջ չգիտես ինչ անել: Բայց մենք մի ամբողջ ամառ արդեն առաջարկում ենք շաբաթ-կիրակիներին թե ինչ կա անելու: Երեկոյան ժամերին կան բարձր մշակութային արժեք ունեցող համերգներ և կինոդիտումներ» (Շողակաթ Մլքե-Գալստյան):

Բացօթյա, անվճար կինոդիտումներ տեղի կունենան Հարավ-արևմտյան թաղամասի պուրակում, Գայի արձանի մոտ, Սիրահարների Այգում և Թումոյին հարող պուրակում: Իսկ բացօթյա համերգները կկայանան Կասկադի տարածքում, Հյուսիսային պողոտայում, Շառլ Ազնավուրի հրապարակում և Կարապի լճին հարող տարածքում. - «Երկուսն էլ բացօթյա են, երկուսն էլ անվճար են, երկուսն էլ միտված են նրա համար, որ մենք իրոք ժամանակակից ստեղծվող բոլոր մշակութային արժեքները լինեն շատ ավելի հասանելի» (Շողակաթ Մլքե-Գալստյան):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG