Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ կառավարության ծրագիրը, որ անցած շաբաթ արժանացավ խորհրդարանի հավանությանը, պարզապես «միջոցառումների մի շղթա է»: Ի՞նչ արդյունքների մասին կարելի է խոսել մի միջավայրում, որտեղ բիզնեսն ու քաղաքական դաշտը սերտաճած են, հարցնում է Ասատրյանը:
«Նոր ծրագիրը կառավարությունը հրապարակեց: Նախ, իր բովանդակային առումով՝ ծրագիր է, կարող ես լավն էլ ասել, կարող ես վատն էլ ասես, ասենք՝ միջոցառումների մի շղթա է: Ես ըստ ոլորտների փորձեցի գնահատել՝ էնտեղ 700-ից ավել միջոցառումներ են: Այսինքն՝ առաջին հայացքից, հստակ կարող եմ ասել, որ բոլորը զբաղված են լինելու: Բայց չէի ասի՝ ի տարբերություն նախորդ ծրագրերի, որովհետև նախորդ ծրագրերն էլ նպատակները արձանագրում էր, թվային ցուցանիշները արձանագրում էր, և կարծես թե ամեն հատված պետք է իր խնդիրները լուծեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախկին նախագահը:
«Խոսելով [2016 թվականի] բյուջեի կատարողականի մասին՝ հայտարարվեց, որ հարկերը չեն հավաքագրվել ամբողջությամբ: Պատճառն այն է, որ, ասում են, բիզնեսին թողել են շնչի և հնարավորություն են տվել որոշակի ժամանակով հարկերը չմուծել: Արդյոք ճիշտ չե՞ն արել», - այս հարցին Ասատրյանը արձագանքեց․ - «Նախ, ես զարմանում եմ, ուրեմն, ինչ է, ծրագիրը դրել էին՝ բիզնեսը խեղդելու, հետո ուրիշ մեկը եկավ, ասեց՝ թող շնչի՞: Էդպես չի: Օրենքը օրենք է, օրենքը պիտի կատարվի: Բիզնեսի համար թիվ մեկ պահանջը, թիվ մեկ պայմանը օրինականությունն է: Հիմա ես Ձեզ հարց եմ տալիս՝ ասողը ասում է, որ օրենքով սահմանված կարգով հարկը չեն հավաքագրել՝ արտոնությո՞ւն են տվել, էդ դեպքում ես հարց եմ տալու՝ ո՞ւմ են տվել էդ արտոնությունները, և միանգամից կպատասխանեմ՝ իհարկե, էն, էսպես, իշխանությանը մոտ կանգնած մարդկանց, որով ստեղծել են անհավասարություն, որի արդյունքում մեր տնտեսությունը չի զարգացել»:
«Մեր թիվ մեկ խնդիրը օրինականության խնդիրն է՝ բոլոր ոլորտներում, էդ թվում նաև՝ տնտեսության: Եթե մենք արդար կիրառենք էն օրենքները, ի դեպ, օրենքները վատը չեն՝ հարկային օրենսդրությունն է, մյուսն է, երրորդն է, չորրորդն է, մենք հավասար պայմանների նախադրյալները արդեն իսկ կստեղծենք», - շեշտեց տնտեսագետը՝ հավելելով․ - «Եթե էստեղ խոսում ենք էս լեզվով, որ Դուք ասում եք, ուրեմն՝ մենք դատապարտված ենք ավելի վատ վիճակների առաջ կանգնելու»:
Իսկ բյուջեի կատարողականը, ասաց Ասատրյանը, «մեզանում ձևական պրոցեդուրա է»․ - «Ես չլսեցի, որ ինչ-որ մի նորմալ վերլուծություն լիներ, գնահատական լիներ»:
«Տնտեսական գործընթացները իրենք շատ կոնսերվատիվ են, էն պրոբլեմները, որ էսօր մենք տեսնում ենք, մի տաս տարի հասունանում էին, գալիս էին», - նշեց ԿԲ նախկին նախագահը:
«Որովհետև մենք ի դեմս պառլամենտի, քաղաքական մարմնի՝ անբովանդակ մի հատ կառույց ունենք, որը ոչ մի բան չի ուզում ասվի՝ բացի, ասենք, էդ կոճակ սեղմելուց․ ինչ էլ դեմ տաս, մեկ է՝ հաստատում է», - ընդգծեց Բագրատ Ասատրյանը:
Հիշեցնենք, Հայաստանի կառավարությունը իր ծրագրում առաջիկա հինգ տարիներին միջինը 5 տոկոս տնտեսական աճ է խոստանում: Խորհրդարանին ներկայացնելով փաստաթուղթը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցրեց, որ այն «կյանքի որակ փոխող ծրագիր է»:
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․