Մատչելիության հղումներ

Այսօր սպասվում է Նեմցովի սպանության գործով դատավճռի հրապարակումը


Ռուսաստան - Բորիս Նեմցովի սպանության գործով ամբաստանյալները դատարանում, Մոսկվա, 27-ը հունիսի, 2017թ․
Ռուսաստան - Բորիս Նեմցովի սպանության գործով ամբաստանյալները դատարանում, Մոսկվա, 27-ը հունիսի, 2017թ․

Այսօր ատենակալները պետք է հրապարակեն ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով իրենց որոշումը։ Երեկ Մոսկվայի մարզի զինվորական դատարանում ատենակալները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ և հրապարակել իրենց որոշումը, նրանք դա կանեն այսօր կեսօրին։ Դատավոր Յուրի Ժիտնիկովը ընդմիջում է հայտարարել մինչև հունիսի 28-ը, այսինքն՝ այսօր ատենակալները արդեն պետք է կամ գան ընդհանուր հայտարարի, կամ էլ քվեարկեն․ եթե նրանց ձայները կիսվեն, որոշումը կլինի հոգուտ մեղադրյալների։

Ամբաստանյալները հինգն են՝ Չեչնիայից կամ Ինգուշեթիայից՝ Զաուր Դադաևը, Անզոր և Շադիդ Գուբաշևները, Թամերլան Էսկերխանովը և Խամզատ Բաշաևը։ Նրանց մեղադրում են հայտնի ընդիմադիր գործչի սպանությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի երկրորդ մասով և 222 հոդվածի երրորդ մասով․ դրանցից առաջինը ենթադրում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Անմիջականորեն սպանության մեջ մեղադրում են Դադաևին։

Մեղադրյալներից և ոչ մեկը իր մեղքը չի ճանաչել։ Քննչական մարմինները պնդում են, որ սպանության պատվիրատուն չեչեն սպա Ռուսլան Մուխուդինովն է, ով գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Նեմցովի ընտանիքն ու փաստաբանները հայտարարում են, որ իրական պատվիրատուին այդպես էլ դատավարությունը չի պարզել, և որ սա քաղաքական սպանություն է։

Նրանում, որ Պուտինի կոշտ ընդդիմախոս Բորիս Նեմցովի սպանությունը քաղաքական սպանություն է, և Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք հանցագործության իրական պատվիրատուների անունները չեն հրապարակվի, համոզված են նաև ռուսաստանցի ընդիմադիրներն ու իրավապաշտպանները:

Ռուսաստանցի հայտնի իրավապաշտպան, հրապարակախոս Սերգեյ Գրիգորյանցի կարծիքով, մասնավորապես, Կրեմլի պատուհանների տակ ընդդիմադիր լիդերի սպանությունը չէր կարող ինքնուրույն կազմակերպել ոչ միայն ինչ-որ չեչեն վարորդ, այլև նույնիսկ Ռուսաստանի որևէ ռեգիոնի ղեկավար։ Առանց Կրեմլի նման հարցեր Ռուսաստանում չեն լուծվում, ասել է իրավապաշտպանը «Ազատության» ռուսական ծառայությանը։

Հիշեցնենք՝ Բորիս Նեմցովին սպանել են 2015 թվականի փետրվարի 27 լույս 28-ի գիշերը Կրեմլի մոտակայքում՝ Կրեմլի պարսպին հարող կամրջի վրա, երբ նա իր ընկերուհու հետ ոտքով վերադառնում էր տուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG