Մատչելիության հղումներ

Իջևանում կայացավ բանակի խնդիրներին նվիրված հանրային քննարկում


Հայկական բանակի զինվորներ, արխիվ
Հայկական բանակի զինվորներ, արխիվ

Տավուշի մարզկենտրոն Իջևանում բանակի խնդիրների շուրջ երեկ կայացած հանրային քննարկման ժամանակ նորակոչիկները, նրանց ծնողներն ու այլ շահագրգիռ անձինք մի շարք մտահոգություններ հայտնեցին, մասնավորապես, նշելով, որ պաշտպանության ոլորտում թափանցիկության խնդիր կա, ինչը նվազեցնում է բանակի հանդեպ հանրության վստահությունը:

Մասնակիցներից ոմանք շեշտեցին, որ մինչև բանակ զորակոչվելը երիտասարդները հաճախ պատշաճ բուժզննության չեն ենթարկվում: Խոսեցին նաև «արտոնյալ բանակայինների», «անարժան մեդալակիրների» և բանակում հարուստների ու անապահովների զավակների անհավասար պայմանների մասին։ Առանձնացված սեղանների շուրջ կազմակերպված խմբային քննարկումների ժամանակ մասնակիցներից մեկն ասաց, որ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված 15-օրյա արձակուրդը երբեմն չի տրվում, նաև նշեց՝ օրինակներ գիտի, երբ զինծառայողներն արձակուրդի օրերին աշխատել են առանց հավելավճարների։

Գրողների միության Տավուշի մարզի բաժանմունքի նախագահ Սամվել Բեգլարյանն ասաց. «Դժբախտաբար բավական լուրջ մտահոգությունների տեղիք տվող անջրպետ կա բանակի և ժողովրդի միջև: Բանակը դեռևս ունի ստվերային կողմեր, դիտվում է, որ այսօր բանակում ծառայում են միայն աղքատների երեխաները, թիկունք չունեցողները»:

Արթուր Արղամյանը Տավուշի մարզի Կողբ գյուղից է։ Մեկ շաբաթից բանակ է զորակոչվելու։ Ասաց՝ ուրախ կլինի բանակն ավելի զարգացած տեսնել, բայց ապագան բանակի հետ կապելու մտադրություն չունի։ Թատերական ինստիտուտ է ընդունվելու։ Երևանցի Հայկը ևս այս ամռան ընթացքում կզորակոչվի բանակ, բայց դեռևս չի կարողացել բուժզննություն անցնել։ Նրա խոսքով, պոլիկլինիկաներում երկար հերթեր են՝ 4 օր փորձել է ու չի կարողացել սրտագրության թեսթ անցնել․ «Որոշ մարդիկ պետք է օրենքով աշխատեն մինչև ժամը 6-ը, բայց ժամը 1-ին արդեն տեղում չեն»:

Հանրային քննարկումների կազմակերպիչները՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խոստացան բարձրացված բոլոր խնդիրները ներկայացնել օրենսդիրներին՝ բանակի բարեփոխման ծրագրերը հաստատելիս հաշվի առնելու համար։

«Մի կողմից իհարկե կա անվստահություն զորակոչային ընթացքի, պետական համակարգի հանդեպ, բայց մյուս կողմից դրականի փոփոխության սպասելիքներ կան, որոնք ինչ-որ կերպ կփորձենք տեղ հասցնել»,- ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը հավելեց․ «Հուսամ, որ օրենքը պատրաստողները դա անպայման հաշվի կառնեն և համապատասխան փոփոխություններ կներկայացնեն օրենքում»:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնն ստանձնելուց կարճ ժամանակ անց հայտարարեց բանակի բարեփոխման երկու համապարփակ ծրագիր կյանքի կոչելու մտադրության մասին՝ «Պատիվ ունեմ» և «Ես եմ»: Այդ ծրագրերը միանշանակ չընդունվեցին հանրության կողմից: Նախարարի առաջարկած առաջին ծրագրի համաձայն, մասնավորապես, բուհում սովորող երիտասարդը կարող է ծառայությունից տարկետման իրավունք ստանալ, բայց մինչ բուհն ավարտելը պարտավոր է շաբաթական մեկ օր զինվորական պատրաստության դասընթաց անցնել: Ըստ ծրագրի, երիտասարդը բակալավրի աստիճան ստանալուն զուգահեռ կստանա նաև լեյտենանտի զինվորական կոչում:

Երկրորդ ծրագրով նորակոչիկներին առաջարկվում է այլընտրանքային՝ 3 տարի ժամկետով ծառայություն, որի ընթացքում յուրաքանչյուր ամսվա երկու շաբաթը պետք է անցկացնել առաջնագծում, մեկ շաբաթը զորամասում, մեկ շաբաթն էլ՝ տանը: 3 տարվա ծառայությունն ավարտելուց հետո նրանք կարող են ստանալ նաև մոտ 5 միլիոն դրամ՝ միայն հիպոթեքային վարկով բնակարան ձեռքբերելու, փոքր գյուղատնտեսական ֆերմա հիմնելու կամ ուսման վարձը փոխհատուցելու համար։ Իջևանում անցկացված քննարկման մասնակիցների մեծ մասը ողջունեցին այդ ծրագրերը, թեև կային նաև այլ տեսակետներ։

Պաշտպանության ոլորտի պատասխանատուներն առաջ են քաշում նաև պրոֆեսիոնալ բանակի և զինծառայության շվեյցարական մոդելի տարբերակները։ Վերջինիս դեպքում զորակոչիկը կարող է հետաձգել ծառայությունը՝ ամեն տարվա համար որոշակի չափով տուգանք վճարելու պայմանով։ Հանրային քննարկման մասնակիցներից ոմանք համաձայն են այդ տարբերակին, ուրիշներն էլ համարում են, որ դա հարուստ Շվեյցարիայի, ոչ թե անապահով Հայաստանի համար է։ Առաջիկա օրերին նմանատիպ քննարկումներ են նախատեսված նաև Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում և Կապանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG