Մատչելիության հղումներ

Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային փառատոնը կդառնա ամենամյա


Տարիներ առաջ Մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի նախաձեռնությամբ հիմնադրվեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան Մնջախաղի միջազգային փառատոնը:

Սկզբում փառատոնն անցկացվում էր Երևանում, հետո կազմակերպիչները վճռեցին այն անցկացնել Ծաղկաձորում, որտեղ էլ այն տեղի էր ունենում երկու տարին մեկ պարբերականությամբ:

Այսօր հրավիրած ասուլիսին Ժիրայր Դադասյանը հայտարարեց, որ այսուհետ փառատոնը կացկացվի ամեն տարի: Այս տարի այն կմեկնարկի հուլիսի 22-ին, և կրկին հանդիսատեսի համար նախատեսված են ավտոբուսներ՝ անվճար Ծաղկաձոր տեղափոխելու և փառատոնի մասնակիցը դառնալու համար:

«Այս տարի փառատոնին արտասահմանից մասնակցելու են բավականին շատ․ հինգ երկիր, բայց ինը թատրոն և մասնակիցներ են լինելու դրսից: Հետաքրքիր մի բան՝ այս տարի լինելու է նաև Արցախից մասնակից: Գիտեք, որ անցյալ տարի մենք մնջախաղի ստուդիա հիմնեցինք Ստեփանակերտում, և սա կարծես առաջին պրոդուկտն է լինելու: Զարմանալիորեն շատ տարօրինակ մի պրոեկտ է՝ ներկայացումը կոչվում է «Դոն Կիխոտ», և դա գերմանա-արցախյան պրոեկտ է: Այսինքն այդ ներկայացման մեջ խաղում է գերմանացի միմ և Արցախից մեր երիտասարդ միմերից մեկը», - նշեց Դադասյանը:

Փառատոնին կմասնակցեն նաև մնջախաղացներ Չեխիայից, Բանգլադեշից, Ֆրանսիայից Ռուսաստանից և անգամ Հարավաֆրիկյան Հանրապետությունից:

Հուլիսի 22-26-ը Ծաղկաձորում կներկայացվեն ոչ միայն մնջախաղային բեմադրություններ, նաև՝ բացօթյա, այլև կանցկացվեն վարպետության բաց դասընթացներ:

«Եվս մեկ մշակութային կարևորագույն մի իրադարձություն թակել է մեր հայրենիքի ամառվա դուռը, և մենք ունենալու են հրաշալի թատերական մի հրավառություն Ծաղկաձոր քաղաքում: Եվ ինչպես հենց ինքը Ենգիբարյանն էր ասում՝ ես գրպանահատ եմ, ես հարուստ և երջանիկ մարդ եմ, բայց ափսոս, որ մարդիկ իրենց սիրտը գրպանում չեն պահում: Եվ այս փառատոնը կարծես Ենգիբարյանի հենց այդ ցանկությունն է իրականացնում: Մենք փորձելու ենք Հայաստան ժամանած զբոսաշրջիկների, Հայաստան ժամանած փառատոնի մասնակիցների սրտերը գողանալ և պահել Հայաստանում», - ասա Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Հիշեցնենք, որ արդեն շուտով Մնջախաղի թատրոնը վերջապես կունենա տասնամյակներով երազած սեփական շենքը․ - «Մրցույթը, որի արդյունքում պիտի պարզվի և պայմանագիր կնքվի այն կազմակերպության հետ, որը պիտի իրականացնի նախագծային աշխատանքները, ու արդեն կսկսվի մեր շատ սերտ աշխատանքը․․․ ամեն օր թատրոն չեն նախագծում․․․ Վերջին անգամ, ես չգիտեմ, երբ է Հայաստանում նախագծվել թատրոն․․․ Երևի մի հիսուն տարի առաջ»:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հավելեց, որ Մնջախաղի թատրոնի շինարարության համար պետբյուջեից 209 մլն դրամ է հատկացվել․ - «Ամբողջական լուծում է տրված: Այսինքն ոչ միայն նորոգություն, ոչ միայն դահլիճի առաստաղի բարձրացում, այլ նաև տեխնիկական և լուսային սարքավորումների լուծում: Մաքսիսում մեկ տարվա ընթացքում մենք արդեն նորամուտը կարող ենք տոնել միասին թատրոնի: Ես կարծում եմ, սա շատ լուրջ ձեռքբերում է անկախ Հայաստանում: Մենք մոտ ապագայում հայտարարելու ենք նաև երկրորդ թատրոնի շենքի լուծման հարցը․ խոսքը վերաբերում է Համազգային թատրոնին»:

Ժիրայր Դադասյանը նաև դասավանդում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտւտում: «Ազատության» հարցին, թե արդյոք ավելանում է մնջախաղային արվեստով զբաղվել ցանկացող երիտասարդների թիվը, նա պատասխանեց․ - «Եթե իմ առաջին կուրսում ընդամենը չորս ուսանող էր, մյուս կուրսը արդեն վեց ուսանող էին, այս տարի՝ արդեն տասը ուսանող։ Բայց այստեղ քանակը կապ չունի, այստեղ շատ կարևոր է որակը: Եվ պիտի ասեմ, որ փայլուն քննություն հանձնեցին»:

Արմեն Ամիրյանը հավելեց․ - «Երբ թատրոնն ունենա իր մշտական հասցեն, ես կարծում եմ, հետաքրքրությունը շատ ավելի մեծ կլինի երիտասարդների մոտ, որովհետև մենք խոսում ենք արդեն կոնկրետ հասցեում կոնկրետ մշակութային օջախի մասին, կոնկրետ աշխատատեղի մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG