Մատչելիության հղումներ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի հուսահատ աշխատողներն այսօր փակել էին գործարանի մուտքը


«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում, պահանջելով մարել աշխատավարձի պարտքը, արխիվ
«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում, պահանջելով մարել աշխատավարձի պարտքը, արխիվ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ին պատկանող ջերմաէլեկտրակայանի նախկին աշխատողներն այսօր առավոտյան փակել էին քիմիական գործարանի մուտքը՝ սպառնալով շուրջօրյա հերթապահություն իրականացնել այնտեղ, եթե իրենց աշխատավարձի խնդիրը չլուծվի: Ավելի վաղ՝ 12 օր շարունակ, քիմպրոմցիներն արգելափակել էին միայն ՋԷԿ-ի մուտքը, սակայն տեսնելով, որ խնդիրը չի լուծվում, այժմ արդեն որոշել են բողոքի ակցիա անել նաև մայր գործարանի մոտ:

Երեկ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի տնօրեն Ալեքսանդր Սնիգերյովը հանդիպել էր ՋԷԿ-ի մուտքի մոտ հավաքված աշխատողների հետ ու հորդորել՝ թույլ տալ բեռնատար մեքենաների ազատ ելումուտը: Բացասական պատասխան ստանալով, նա հեռացել էր: Սնիգերյովն այսօր կտրականապես հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին, միայն ասաց, որ նախորդ օրը Ջէկ-ի աշխատակիցներն իրեն վիրավորել են, և ինքն այժմ չի պատրաստվում նրանց օգնելու համար քայլեր ձեռնարկել: Ցույցի դուրս եկածներն, ի պատասխան, հեգնում են․ «Իրա դեմն ասել ենք՝ ինքը ով ա, վիրավորվել ա, մենք իրավունք չունե՞նք մեր փողն ուզենք»: Մինչդեռ Սնիգերյովը սպառնում է «այսպես շարունակվելու դեպքում» դիմել ոստիկանությանը:

Արդեն վեց տարի է «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողները պայքարում են իրենց 2011-2012 թ․թ․ ժամանակահատվածի մի քանի ամիսների աշխատավարձը ստանալու համար: Գործարանն իր 153 աշխատողներին շուրջ 130 միլիոն դրամ է պարտք: Սնանկացած գործարանը բազմաթիվ այլ պարտքեր էլ ունի, և ընկերությանը դատի տված ու դատը շահած ցուցարարները վստահ չեն, թե իրենց հերթը շուտ կհասնի՝ «Եթե հերթին սպասենք, 50-60 տարի պետք ա սպասենք, իսկ հիմա ամենաջահելն արդեն 55 տարեկան ա»:

Այսօր մի քանի ժամ գործարանի դարպասների մուտքն արգելափակելուց հետո քիմպրոմցիներն, այդուհանդերձ, թույլ տվեցին, որ ներսում գտնվող բեռնատար մեքենան դուրս գա տարածքից: Սակայն շեշտեցին՝ այս անգամ նախազգուշացնում են, բայց հաջորդ անգամ ինչպես ՋԷԿ-ի տարածքում, այնպես էլ քիմգործարանի մուտքի մոտ շուրջօրյա հսկողություն են իրականացնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG