Մատչելիության հղումներ

«Ալբերտ տուր» ընկերության տնօրենը պնդում է, թե իրենք օրենք չեն խախտել


«Ալբերտ տուր» ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ կիրակի առավոտյան Մառնեուլիի մոտակայքում վթարի ենթարկված ավտոբուսն ընթացել է 46 կմ/ժամ արագությամբ և կողաշրջվել է դիմացի մեքենայի կտրուկ արգելակման պատճառով: Հենց այս ընկերությանն է պատկանում վթարված տրասպորտային միջոցը։

Ավտոբուսում եղել է 55 ուղևոր, այս պահին նրանցից մեկը դեռ հիվանդանոցում է, իսկ մյուսները, ստանալով առաջին բուօգնությունը, դուրս են գրվել։

«Վարորդը եղել է բարձրակարգ վարորդ, և հենց այդ պատճառով է, որ վթարի հետևաքով ավելի մեծ կարող էր լինել հետևանքները, քան հիմա է», - ասաց Մովսիսյանը:

Մոսկվայից Երևան ուղևորափոխադրումը, ըստ Տրանսպորտի նախարարության, եղել է անօրինական։ «Ալբերտ տուրը», ըստ նախարարության, տարեսկզբին անցկացված մրցույթին իրավունք էր ստացել կանոնավոր փոխադրումներ իրականացնել միայն Երևան - Բրյանսկ ուղղությամբ: Ընդ որում, վթարի ենթարկված ավտոբուսը առհասարակ մրցույթին չի մասնակցել:

«Մեքենաները չեն բավականացնում, ստիպված մենք ռեզերվային մեքենաներ ենք ուղարկում», - պարզաբանեց ընկերության տնօրենը՝ հավաստիացնելով, թե դա օրենքի խախտում չէ․ - «Ի՞նչ խախտում, մեր մեքենան ենք ուղարկել: Ո՛չ վարձակալել ենք, ո՛չ բան»:

Դիտարկմանը, թե նախարարությունը հայտարարել է, որ ընկերությունը անօրինական փոխադրում է իրականացրել, Մովսիսյանը հակադարձեց․ - «Էսօր Հայաստանում օրինական փոխադրող գոյություն չունի»:

Պարզվում է, որ սա ընկերության առաջին խախտումը չէ։ Մայիսին այն տուգանվել է 450 հազար դրամով, իսկ հունիսին՝ 900 հազարով։ «Էդ տուգանքները մենակ ինձ չի, որ գալիս են, բոլորին էլ գալիս են», - ասաց Մովսիսյանը:

Հարցին, թե ինչի համար են տուգանել, պատասխանեց․ - «Որ տենդեր շահած ընկերություն չի․․․ Տենդեր եմ շահել, բայց մեքենան գրանցված չի եղել ցուցակի մեջ»:

Դիտարկմանը, որ չգրանցված մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելով օրենք է խախտել, նա հակադարձեց․ - «Բոլորն էլ խախտում են»:

«Ալբերտ տուր» ընկերության տնօրենը հայտարարում է, թե Հայաստանում այսօր կանոնավոր փոխադրումներ իրականացնող բոլոր ընկերություններն էլ աշխատում են թերություններով, Տրանսպորտի նախարարությունում մրցույթն անցկացնում են առանց բավարար փաստաթղթերի առկայության․ - «Պայմանագրեր չկան Ռուսաստանի հետ, չվացուցակ չկա Տրանսպորտի նախարարության տված: Ոչ մի փաստաթուղթ գոյություն չունի»:

Տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե ընկերություններին թույլ է տրվում որոշ փաստաթղթեր ներկայացնել մրցույթից հետո․ - «Հիմիկվա գործող կարգի համաձայն, տրվում է թույլտվություն, որից հետո սկսվում է այդ Ձեր ասած գործընթացը համապատասխան երկրների համապատասխան ծառայությունների հետ: Դրանից հետո արդեն ունենք չվացուցակ, սկզբնակետ, փոխադրող»:

Փոխնախարարին, սակայն, հիշեցնում ենք, երեկվա վթարն այս ամսվա մեջ արդեն երկրորդն էր։ Հունիսի 13-ի Վորոնեժի մարզում ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս էր եկել ու առուն ընկել Երևանից - Մոսկվա ուղևորվող ավտոբուսը։ Այդ փոխադրումը ևս ոչ կանոնավոր էր։

Ի վերջո օրենքը խստացվեց, բայց անօրինական փոխադրումների դեմ պայքարը չստացվեց․ այսպես են պնդում կանոնավոր փոխադրողները։ «Բուսվոյաժ» ընկերության տնօրեն Հովհաննես Մանուկյանը նշում է, որ վերահսկողությունը պետք է խստացվի սահմանին, իսկ տրանսպորտի տեսուչները այնտեղ են ստուգումներ են իրականացնում ժամանակ առ ժամանակ, ինչից էլ նվազում է արդյունավետությունը․ - «Եթե ոչ կանոնավորը հայտարարում ա՝ էսինչ օրը ժամը 5-ին գնում եմ Մոսկվա, բայց ինքը շատ լավ գիտի, որ էդ օրը վերահսկողություն կա, ժամը փոխում ա, գիշերը ժամը 3-ին ա գնում: Դե ինչքան պիտի տրանսպորտի ինսպեկցիան իրա հետևից վազեվազ անի, որ իրան, ասենք, տուգանի և այլն»:

Տարեսկզբից մինչև այսօր, ըստ փոխնախարար Գրիգորյանի, տոմսերի վաճառքի համար կազմվել է 72 արձանագրություն։ Ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար տուգանք է սահմանվել 91 դեպքում, որից 45-ը՝ սահմանին․ - «Կարիք չկա, որ մաքսակետում մշտական տեսուչներ ունենանք։ Աշխատում ենք նաև Երևանում՝ կանխելու անօրինական փոխադրումները: Ինքներդ եք հասկանում, որ երբ որ կա մեծ պահանջարկ էժան ուղևորատոմսով Երևան, Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնելու, ցանկացած «էստի համեցեք» մարդկանց և ընկերությունների կողմից հախուռն ձևով Երևանի ամբողջ տարածքներում ստեղծված էդ իրավիճակը․․․ Դա միայն Տրանսպորտի նախարարության կարգավորելու խնդիր չի, դա նաև այլ ծառայությունների խնդիրն է, որի համար մենք արդեն դիմել ենք համապատասխան ընկերությունների»:

Փոխնախարարի խոսքով՝ ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնողների հանդեպ մեծ տուգանքներ են կիրառում՝ 450 հազար դրամի է հասնում չափը։

Կանոնավոր փոխադրողները հակադարձում են՝ դաշտը կարգավորելու ամենահեշտ տարբերակը անօրինական տոմսարկղերի դեմ պայքարելն է․ նախարարությունն ունի այն 11 ընկերությունների տվյալները, երթուղին, չվերթի ժամերը, որոնք դարձել են մրցույթի հաղթողներ, հետևաբար մյուսներին գտնելը բարդ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG