Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանի»-ն հեռացված անդամներին հորդորում է հրաժարվել մանդատներից


Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը (ձ), կուսակցության փոխնախագահ Կարապետ Աղաջանյանը, և խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը (ձ), կուսակցության փոխնախագահ Կարապետ Աղաջանյանը, և խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը:

Կրքերը Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանի»-ում չեն հանդարտվում:

Դավաճանության մեղադրանքով կուսակցությունից և մայրաքաղաքի ավագանու խմբակցությունից հեռացված Մնացական Պարակշիեևին և Հայկ Պետրոսյանին հորդորում են հրաժարվել ավագանու մանդատներից՝ տեղը զիջելով կուսակցության գաղափարները կիսողներին:

«Ես կոչ եմ անում Մնացական Պարակշիեևին և Հայկ Պետրոսյանին թողել իրենց անձնական շահը մի կողմ: Գերադասեցին գողանալով ժողովրդից ստացած մանդատները, ժողովրդից ստացած լիազորությունները՝ համագործակցել իշխանության և իշխանամետ դաշինքների հետ: Ես նրանց կոչ եմ անում հետ կանգնել այդ իրենց մտադրությունից, չխանգարել մեր խմբակցության աշխատանքներին», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը:

«Երկիր Ծիրանի»-ի անդամներն այսօր գաղտնազերծեցին, որ Մնացական Պարակշիևի և Հայկ Պետրոսյանի հետ տարաձայնությունները սկսվել են, երբ նրանք խախտելով պայմանավորվածությունը ավագանու նիստին չեն առաջարկել հետաձգել փոխքաղաքապետերի ընտրությունը, չեն ընդվզել քաղաքապետարանի՝ ամսական մոտ մեկ միլիոն դոլար աշխատավարձերի դեմ:

«Այսինքն այդ երկուսը, նույն այն 60 ավագանու անդամների նման, ցուցաբերեցին անգործություն և լռեցին: Բնական է, դրանից հետո մենք պահանջեցինք, որպեսզի վերջիններս ներկայացնեն, թե ինչն էր պատճառը, որ լռեցին և որևէ կարծիք կամ հայտարարությամբ հանդես չեկան, քանի որ դրանից առաջ արդեն պայմանավորվել էին: Եվ վերջիններս որևէ հիմնավոր պատճառաբանություն չբերեցին, ընդհուպ նշեցին, որ իրենք այլ մոտեցումներ ունեն, կողմնակից են համագործակցության», - փոխանցեց «Երկիր Ծիրանի» կուսակցության փոխնախագահ Կարապետ Աղաջանյանը:

Կուսակցության անվստահությանն արժանացած Պետրոսյանն ու Պարակշիևը նախորդ շաբաթ հայտարարել էին, թե միայն ենթադրում են, որ «Երկիր Ծիրանի»-ում իրենց ախատաոճից են դժգոհ:

«Մենք ուզում էին հարցերին մոտենայինք սառնասրտորեն և հետևողական, մեր առաջնային խնդիրը պետք է լիներ Երևանի ծրագրի իրականացումը, իսկ մեր մնացած գործընկերներն ավել կողմնակից էին էմոցիոնալ երանգներ հաղորդել ամեն մի հարցի, որը, ըստ մեզ, արդյունավետ չէր լինի»,- ասել էր Հայկ Պետրոսյանը:

«Քաղաքականությունը ընդհանրապես և քաղաքապետարանում աշխատանքը չի կարելի դարձնել թատրոն», - հավելել էր Մնացական Պարակշիևը:

«Երկիր Ծիրանի»-ի անդամները տարակուսանքով են հակադարձում՝ ո՞վ էր խանգարում Պարակշիևին և Պետրոսյանին հարցերն իրենց ուզած ոճով բարձրաձայնել․ - «Նրանց արդեն տրվել էր կարգավիճակ, և ունեին հնարավորություն ցույց տալու իրենց ոճը, բարձրաձայնելու որևէ խնդիր: Ավագանու նիստի ժամանակ նրանցից մեկը ընդհանրապես որևէ ձայն չի արտաբերել, մյուսը հնչեցրել է երկու հարց, որոնք չէին վերաբերվում այդ օրվա օրակարգին և բոլորովին չէին համապատասխանում երևանցու շահերին» (Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի խմբակցության անդամ Սոնա Աղեկյան):

«Երկիր Ծիրանի»-ն Պետրոսյանին ու Պարակշիևին ասում է՝ ավագանու անդամ եք դարձել Զարուհի Փոստանջյանի հեղինակության և կուսակցության ծրագրի շնորհիվ, ինչպե՞ս եք հիմա այլ ճանապարհով գնում․ - «Նրանց մանդատներ չհանձնելը նույնպես համարում եմ իշխանության հետ համագործակցություն, որովհետև, կարծում եմ, որ երևի հենց հրաման էլ ստացվել է, որ նրանք երբեք էդ մանդատները չհանձնեն, որպեսզի նրանց տեղը չգան կուսակցության այն անձինք, ովքեր որ պատրաստ են էնտեղ ոչ թե լռել, այլ պատրաստ են իրենց կարծիքը և պնդումները հիմնավոր ներկայացնել» (Կարապետ Աղաջանյան):

Առայժմ անորոշ է, թե որ խմբակցությունում կընդգրկվեն ավագանու երկու անդամները, անկախ աշխատել օրենսդրությունը նրանց հնարավորություն չի տալիս, իսկ «Երկիր Ծիրանի»-ի անդամներն անգամ աշխատասենյակը մտադիր չեն կիսել նախկին գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG