Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հրաժարվեց արձագանքել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական, ծանր սպառազինության նոր մատակարարմանը՝ պատճառաբանելով, որ երկու օրից ասուլիս է տալու:
«Դուք չլսեցի՞ք, ասում եմ՝ վաղը չէ մյուս օրը ասուլիս կտանք», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց նախարարը, ով ներկա էր Հայկական օդուժի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ այսօր առավոտյան «Էրեբունի» օդանավակայանում ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների ցուցադրական թռիչքներին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրերս հաղորդագրություն տարածեց՝ կից լուսանկարներով և տեսանյութով, ըստ որի, Ռուսաստանից Բաքվի նավահանգիստ են հասել Хризантема-С հակատանկային հրթիռային համալիրներ: Դրանք նախատեսված են ինչպես տանկերի, զրահապատ մարտական մեքենաների, այնպես էլ հակառակորդի ամրությունների ոչնչացման համար:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ էր, որ ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով հայկական կողմը չորս զոհ տվեց: Այդ օրերին նաև հայտնի դարձավ, որ Ռուսաստանը անցած տարի շարունակել է հարձակողական, ծանր սպառազինության մատակարարումը Ադրբեջան, ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի համաձայն՝ 2016-ին փոխանցելով վեց միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր:
Անցած տարի՝ ապրիլյան պատերազմից ընդամենը երկու օր անց Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Բաքվին մատակարարվող ռուսաստանյան զենքը կիրառվում է հայկական խաղաղ բնակավայրերի դեմ:
«Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաև խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն ի շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների և հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց: Վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից», - ասել էր Հայաստանի նախագահը:
Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի՝ SIPRI-ի համաձայն, 2011-2016 թվականների ընթացքում Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Այդ զենքի մեծ մասը Բաքուն ձեռք է բերել հենց Ռուսաստանից, ինչի արդյունքում Ադրբեջանը դասվում է այն հինգ երկրների ցանկում, որոնք ռուսական զենքի ամենաշատ պահանջարկն ունեն: Այդպիսով՝ Ադրբեջանին բաժին է հասնում ռուսական ռազմական արդյունաբերության ողջ ծավալի 4 տոկոսը:
Մովսես Հակոբյան․ Տեղյակ չեմ պաշտոնանկությունից
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն այսօր նույնպես չցանկացավ անդրադառնալ Ադրբեջան ռուսական զենքի նոր մատակարարմանը։
«Այդ հարցով գլխավոր շտաբը չի զբաղվում, դրանով զբաղվում է քաղաքական իշխանությունը, որն իր արձագանքը կանի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մովսիսյանը։
Օրերս «Ժողովուրդ» պարբերականը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, գրեց, որ Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից և նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:
Նախագահ Սարգսյանի հրամանագրով Հակոբյանը գլխավոր շտաբի պետ էր նշանակվել անցած տարվա հոկտեմբերին:
«Մամուլում հրապարակում եղավ Ձեր հնարավոր պաշտոնանկության մասին, Դուք ինչպե՞ս կարձագանքե՞ք», - «Ազատության» այս հարցին Հակոբյանը պատասխանեց. - «Ես տեղյակ չեմ»։
Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, Հակովյանն ասաց, որ լարվածություն չկա։ «Ամենօրյա, լարվածություն չկա, առաջապահ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում», - ասաց Մովսես Հակոբյանը։