Մատչելիության հղումներ

Կիևում մեկնարկում է Յանուկովիչի գործով հերթական դատական նիստը


Ռուսաստան - Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ասուլիս է տալիս Դոնի Ռոստովում, 28-ը նոյեմբերի, 2016թ․
Ռուսաստան - Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ասուլիս է տալիս Դոնի Ռոստովում, 28-ը նոյեմբերի, 2016թ․

Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկում է երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործով հերթական դատական նիստը:

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Յանուկովիչը չի պատրաստվում մեկնել Կիև՝ դատավարությանը մասնակցելու: Նրա փաստաբան Վիտալի Սերդյուկը երեկ հայտարարել է, որ նորից փորձելու է ստիպել դատարանին՝ լսել իր պաշտպանյալի ցուցմունքները հեռակա կարգով:

Յանուկովիչը Կիև չի մեկնում՝ մտավախություն ունենալով, որ իրեն անմիջապես կձերբակալեն: Սակայն նախկին նախագահը պնդում է, որ ցանկանում է իրեն առաջադրված մեղադրանքի առնչությամբ ցուցմունք տալ:

Ուկրաինայի դատախազությունը նախկին նախագահին մեղադրում է Ռուսաստանի Դաշնային խորհրդին և նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինա զորք մտցնելու խնդրանքով նամակ գրելու մեջ: 2014 թվականի մարտի 1-ին այս նամակին էր հղում անում ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը, նույն նամակը հիշատակել էր նաև Պուտինը՝ 2014-ի մարտի 4-ին:

Չնայած սրան՝ Յանուկովիչի փաստաբանը պնդում է, որ նշված նամակում նման խնդրանք չկա:

Անկախ այն բանից՝ Յանուկովիչը կներկայանա դատարան, թե՝ ոչ, նրա դեմ մեղադրանքը դատարանում կհնչի, հայտարարել է Ուկրաինայի ռազմական դատախազ Ռուսլան Կրավչենկոն:

Ուկրաինական հեղափոխությունից հետո, վերջին երեք տարիներին Վիկտոր Յանուկովիչը ապրում է Մոսկվայում: Վերջին ժամանակաշրջանում նա հանդես չի գալիս ոչ ասուլիսներով, ոչ էլ հարցազրույցներով:

Հիշեցնենք՝ 2013 թվականի վերջին-2014-ի սկզբին Կիևում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է 106 մարդ, ավելի քան հազարը՝ վիրավորվել: Որպես Եվրոմայդան հայտնի շարժումն ավարտվեց Յանուկովիչի պաշտոնանկությամբ և իշխանափոխությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG