Ռուսաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ ՄըքՖոլը ենթադրում է, որ տեսանելի ապագայում իր գործընկերը՝ Ամերիկայում Ռուսաստանի դեսպան Սիրգեյ Կիսլյակը կազատի պաշտոնը:
Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով, դա տեղի կունենա Համբուրգում հուլիսի 7-8-ը գումարվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովից հետո, որի շրջանակում կարող են հանդիպել նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:
Կիսլյակը հայտնվել է ամերիկացի օրենսդիրների, քննիչների և լրագրողների ուշադրության կենտրոնում, քանի որ նրա անվան հետ են կապում Ամերիկայում անցյալ տարվա նախագահական ընտրություններին նախորդող շրջանում հանրապետական թեկնածու Թրամփի թիմակիցների և ռուսների բոլոր կասկածելի հանդիպումները:
ՄըքՖոլն իր Թվիթերում գրել է, թե «դեսպան Կիսլյակը պատրաստվում է հեռանալ պաշտոնից, ես նրան ամենայն բարիք եմ մաղթում, երբ կառավարությունում էի՝ նրա հետ հաճելի էր աշխատել, թեպետ մենք շատ հարցերում տարաձայնություններ ենք ունեցել»:
ՄըքՖոլը պարզաբանել է, որ Կիսլյակի հետ սոսկ դիվանագիտական աշխատանքի բերումով է շփվել:
Ենթադրվում էր, որ ԱՄՆ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի աշխատանքից հետո Կիսլյակը կստանձնի ՄԱԿ-ում նոր կառույցի՝ ահաբեկչության դեմ պայքարի բյուրոյի ղեկավարումը, սակայն ի վերջո այդ պաշտոնում նշանակվել է Վիեննայում տեղակայված միջազգային հաստատություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Վորոնկովը:
«Կոմերսանտ» ռուսական պարբերականի փոխանցմամբ, եթե Կիսլյակն իսկապես հեռանա Վաշինգտոնից, ապա, ամենայն հավանականությամբ, բարձր պաշտոն կստանա Ռուսաստանի արտաքին գերատեսչության համակարգում:
Մինչդեռ, ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան կարող է նշանակվել պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայումս արտաքին գործերի նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը:
62-ամյա դիվանագետը ԱԳՆ-ում այսօր համակարգում է ռազմաքաղաքական ոլորտը: Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ նա 2015 թվականին հայտնվել է Եվրամիության և Կանադայի կողմից պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում: