Մատչելիության հղումներ

Շարլ Ազնավուրը կստանա Հոլիվուդի Փառքի պողոտայի Աստղը


Շարլ Ազնավուր, Երևան, 4-ը հուլիսի, 2013 թ.
Շարլ Ազնավուր, Երևան, 4-ը հուլիսի, 2013 թ.

Անցյալ տարի նա ստացել է նաև Փառքի պողոտայի ցուցատախտակը:

Լեգենդար երգիչ և բարերար Շարլ Ազավուրը կստանա աշխարհի բոլոր աստղերի փայփայած մրցանակներից մեկը՝ ատսղը, որը կտեղադրվի Հոլիվուդի Փառքի Պողոտայում:

Միացյալ Նահանգներում լույս տեսնող «Ասպարեզի» փոխանցմամբ, Շարլ Ազնավուրը աստղը ստանում է կինոյի, հեռուստատեսության, թատրոնի, ռադիոյի և ձայնագրության անվանակարգում:

93-ամյա նշանավոր արվեստագետը հեղինակել է մոտ 800 երգ և ձայնագրել մոտ 1200-Ը: Նրա սկավառակները վաճառվել են մոտ 180 միլիոն օրինակով: 1998 թվականին CNN հեռուստակայանը նրան անվանել է «Դարի կատարող», հարցման արդյունքում նա առաջ է անցել Էլվիս Փրեսլիից և Բոբ Դիլանից:

2018 թվականի դափնեկիրների անունները հրապարակել է Հոլիվուդի Փառքի պողոտայի հանձնաժողովը: Մինչ այդ հանձնաժողովը և Հոլիվուդի Առևտրի պալատն անցկացրել են նիստ, որի ընթացքում հաստատել են դափնեկիրների անունները: Թեկնածուների թվում ամեն տարի հարյուրավոր կատարողներ են լինում՝ դերասաններ, երգահաններ, հեռուստաաստղեր, պրոդյուսերներ, բեմադրիչներ:

Փառքի պողոտայում աստղերի տեղադրման հետ կապված բոլոր հարցերն ի պաշտոնե տնօրինում է Հոլիվուդի Առևտրի պալատը: Ի դեպ, հենց այդ պալատի հովանավորությամբ է, որպես պատմության և մշակույթի հուշարձան, պահպանվում հրեշտակների քաղաքի՝ Լոս Անջելեսի գրեթե բոլոր շրջաններից տեսանելի հսկայական սպիտակ տառերով հայտնի գրությունը՝ «Hollywood»:

Շարլ Ազնավուրի անունը հրապարակել է ամերիկացի հայտնի հեռուստապրոդյուսեր Վին Դի Բոնան, ով նույնպես ժամանակին իր աստղն է ստացել: «Կենդանի թատրոնի և կատարման անվանակարգում Փառքի պողոտայի աստղն են ստանում Շարլ Ազնավուրը, Լին-Մենուել Միրանդան և ետմահու՝ Բերնի Մաքը»,- ասել է Դի Բոնան:

Լին-Մենուել Միրանդան ամերիկացի երգահան է, դերասան և երգիչ, բացի այդ նա թատրոնի և հեռուստատեսության համար սցենարներ է գրում: Նրա երաժշտական ներկայացումներից երկուսը՝ Hamilton և In the Heights-ը մեծ հաջողությամբ բեմադրվել են Բրոդվեյում: Բերնարդ Ջեֆրի ՄըքՔալլոուն, ով շոուբիզնեսի աշխարհում հայտնի է Բերնի Մաք բեմական անունով, կատակերգու էր, 2008 թվականին նա մահացել է 51 տարեկանում՝ ծանր հիվանդությունից:

Դափնեկիրների անունների հրապարակումից հետո Հոլիվուդի Առևտրի պալատի նախագահ Լերոն Գուբլերը, ով նաև ի պաշտոնե վարում է Փառքի պողոտայում աստղերի տեղադրման հանդիսավոր արարողությունները, ասել է, որ ըստ գործող կարգի, դափնեկիրներին տրվում է երկու տարի: Այդ ժամանակաշրջանում յուրաքանչյուր դափնեկիր պետք է ընտրի և հանձնախմբի հետ համաձայնեցնի Փառքի պողոտայում իր աստղի տեղադրման հանդիսավոր արարողության օրը:

«Որպես Հոլիվուդի Փառքի պողոտայում իմ աստղը վաստակած մարդ, կարող եմ հավաստիացնել, որ այս դափնեկիրները ջերմությամբ և հպարտությամբ են մտածելու իրենց աստղերի մասին, հպարտ կլինեն, որ հետայսու իրենց անուններն առհավետ գրանցվել են Հոլիվուդում, դարձել են Հոլիվուդի պատմության անբաժան մասը»,- ասել է պրոդյուսդեր Վին Դի Բոնան: «Ասպարեզը» հաղորդում է, որ այսօրվա դրությամբ դեռ հայտնի չէ, թե երբ Շարլ Ազնավուրի աստղի կտեղադրվի Հոլիվուդի Փառքի պողոտայում:

Հայ համայնքի խնդրանքով անցյալ տարվա աշնանը Ազնավուրը ստացել է Հոլիվուդի Փառքի պողոտայի ցուցատախտակը արվեստին և աշխարհասփյուռ հայությանը ծառայելու համար:

Կալիֆորնիայի նահանգային սենատոր Քևին Դե Լեոնը Ազնավուրին անցյալ տարի նվիրել է նաև 101 Hollywood Freeway Little Armenia ճանապարհային ցուցանշանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG