ՄԱԿ-ն այսօր հայտարարությամբ է հանդես եկել ղարաբաղյան շփման գծում լարվածության աճի կապակցությամբ:
Կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխխոսնակ Ֆարհան Հաքը իր հրապարակած հաղորդագրությունում հիշեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 19-ի հայտարարությունը՝ շեշտում է․ - «Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունը հրադադարի վերջին խախտումների առնչությամբ, որոնց հետևանքով շփման գծում ցավալի զոհեր եղան: Երկրորդում ենք կողմերին նրանց ուղղած կոչը՝ խուսափել հետագա սրացումից և դիտարկել միջոցներ, որոնք կարող էին նվազեցնել լարվածությունը: Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ հորդորելով կողմերին վերստին ներգրավվել ըստ էության բանակցություններում՝ բարեխղճորեն և քաղաքական կամքով»:
Հաքը վստահեցնում է, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում աջակցել նման ջանքերին:
Ժամեր առաջ գրեթե նույնատիպ հաղորդագրությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Հիշեցնենք՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել շփման գծում հրադադարի խախտումների քննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին: Այդ համաձայնությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը քանիցս շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայկական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնում դրանք կատարել, մինչդեռ Ադրբեջանը խոչընդոտում է դրանց իրականացումը: