Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հերքում է դիվերսիոն հարձակման մասին տեղեկատվությունը


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր կեսօրին տարածած հաղորդագրությամբ հերքել է դիվերսիոն հարձակման մասին տեղեկատվությունը։

Մինչդեռ, ինչպես «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի խոսնակ Սենոր Հասրաթյանը, Ադրբեջանի զինված ուժերը իր չորս զինծառայողների դիերը արդեն դուրս է բերել միջդիրքային գոտուց։

Երեկ գիշերը ադրբեջանական հատուկջոկատայինները, ըստ Պաշտպանության բանակի, փորձել էին հարձակվել հայկական դիրքերի ուղղությամբ, բայց նահաջել էին՝ տալով չորս զոհ։

Դիվերսիոն ներթափանցման մասին տեղեկությունը հրապարակելուց հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտարարություն տարածեց։ Հիշեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 19-ի հայտարարությունը՝ հաղորդագրությունում շեշտվում է․ - «Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունը հրադադարի վերջին խախտումների առնչությամբ, որոնց հետևանքով շփման գծում ցավալի զոհեր եղան»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անունից հրապարակված հայտարարությունում կողմերին կոչ է արվում խուսափել իրավիճակի հետագա սրումից և նվազեցնել լարվածությունը։ Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորում է վերսկսել բանակցությունները՝ վստահեցնելով, որ անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ը կաջակցի նման ջանքերին:

Եվրամիությունը և ԱՄՆ-ն ևս մտահոգված են Ղարաբաղում լարվածության աճով։ Վերջին օրերին նրանք տարբեր ուղերձներով են հանդես եկել, կոչ անելով կողմերին զսպվածություն ցուցաբերել և թուլացնել լարվածությունը հակամարտության գոտում։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, մայիսին ԵԱՀԿ համանախագահների հասցեական հայտարարությունից հետո Ադրբեջանը սահմանում իրավիճակը մոտ երկու շաբաթ չէր լարում, բայց հիմա, երբ հայտարարություններում կրկին երկու կողմերին են խաղաղության կոչ անում, իրավիճակը կարող է դարձյալ լարվել, և սա պետք է հասկացնել միջազգային կառույցներին։

«Երբ որ հասցեկան չի, իրենք լկտի են: Եկեք հասցեական արեք, որ իրենք էլ հանգստանան, մենք էլ կարողանանք վերսկսել բանակցությունները: Եվ այստեղ մենք պետք է կոնստրուկտիվ լինենք: Մենք չպետք է նույն կոշտ դիրքորոշումը ցուցաբերենք: Այո՛, մենք նախապայմաններ ունենք, բայց ո՞րն է դա: Ասենք, Վիեննան եկեք կատարենք: Մենք պետք է շարունակենք լինել կոնկստրուկտիվ, այդ ֆունկցիան շատ կարևոր է՝ ապացուցել, անընդհատ ցույց տալ»:

Այն, որ լարված իրավիճակը կարող է անկանխատեսելի ելք ունենալ, ըստ քաղաքագետի, ապացուցում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարկի երեկվա ուղերձը։ Գրիգորյանը կարծում է, որ այս պայմաններում Ադրբեջանը առաջիկայում շարունակելու է լարել սահմանային իրավիճակը։

ԼՂ զինված ուժերը պնդում են, որ երեկ տեղի ունեցած դիվերսիայի արդյունքում կորուստներ չունեն: Հարձակումը «հնարավոր է եղել կանխել նաև դիրքային համակարգերի կահավորվածության և տեխնիկական պատշաճ հագեցվածության շնորհիվ»։

Ադրբեջանցի զինծառայողները, ըստ Պաշտպանության բանակի, միջդիրքային տարածքում տարբեր զենքեր են թողել, որոնց լուսանկարները ռազմական գերատեսչությունը հրապարակել է։

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասում է, որ նկարներում պատկերված զենքերը հատուկ նշանակության ջոկատի ստանդարտ զենքեր են․ - «Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը կարող է հերքել իհարկե, և հավանաբար կհերքի էլ, բայց ինքը շատ լավ հասկանում է, որ էդ զրահաբաճկոնը, էդ սաղավարտը և զենքը համարով հատուկ նշված է իրենց համար»:

Այս գիշեր սահմանում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Դեռ պարզ չէ երկու օր առաջ Ադրբեջանի զինված ուժերի ձեռքում հայտնված Հայաստանի քաղաքացի 43-ամյա Զավեն Կարապետյանի ճակատագիրը։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ Կարապետյանին հանդիպել դեռ չի հաջողվում։ Ադրբեջանի պետական կառույցների հետ երկխոսությունը շարունակվում է։

XS
SM
MD
LG