Մատչելիության հղումներ

Մեծամորի ԲԿ-ի պատքը ՀԷՑ-ին մարվում է աշխատակիցների հանգանակած միջոցներով


Մեծամորի բժշկական կենտրոնի աշխատակիցները պնդում են, որ ինքնակամ են սեփական աշխատավարձից նվիրատվություն անում, որպեսզի փակեն բուժհիմնարկի հոսանքի պարտքը:

Հիվանդանոցը տարիների ընթացքում 23 միլիոն դրամի էլեկտրաէներգիայի պարտք է կուտակել։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը (ՀԷՑ) ամիսներ առաջ դիմել է դատարան՝ պահանջելով բռնագանձել չվճարված գումարը։

Հիվանդանոցի փոխտնօրեն Սուսաննա Միրոզոյանն մեզ ուղեկցում է կադրերի բաժին, ցույց տալիս աշխատակիցների հետ արդեն կազմված, կնքված պայմանագրերը, որոնք խնդրի մասին մամուլի հրապարակումներից հետո կասեցվել են. - «Ես կոնկրետ, որպես նորմալ մարդ, չհասկացա: Ոնց որ քո ճյուղը, որի վրա նստած ես, դու կտրես: Ինչի՞ համար․․․ Ասենք, երկու ամիս որ տային, մի քիչ թեթևանար, դատարանում չդատեին, դատը չգնար: Հետո նորից կապրեինք, էլի մեր փողն ա»:

Ըստ պայմանագրի, ամեն ամիս բժիշկները նվիրաբերել են աշխատավարձի 10 տոկոսը, իսկ բուժքույրերն ու հավաքարարները՝ 5-ը։ Միրզոյանը վստահեցնում է՝ ով չի ցանկացել, չի միացել։

Հարցազրույցից հրաժարված տնօրեն Միքայել Վանյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի նման նվիրատվության արդյունքում ամսական հաջողվել է հավաքել 1 միլիոն 100 հազար դրամ։

«Ազատության» հետ զրույցում բժշկական կենտրոնի աշխատակիցները պնդում էին, թե ճիշտ են համարում, որ աշխատողներն են փակում էլեկտրաէներգիայի պարտքը:

Հիվանդանոցի եկամտի գերակշիռ մասը գոյանում է պետական պատվերից, բայց դա էլ, ըստ ղեկավարության, բավարար չէ ծախսերն ամբողջությամբ հոգալու համար։ 212 միլիոն դրամ տարեկան տրամադրվող պետպատվերի ծավալն է, իսկ աշխատավարձի տարեկան ֆոնդը՝ 254 միլիոն է։

Սուսաննա Միրզոյանի խոսքով՝ եկած գումարն ուղղում ենք դեղորայքին ու աշխատավարձին, և հավելում է, որ ՀԷՑ-ը միակը չէ, մոտ 40 միլիոն դրամի այլ պարտքեր էլ ունեն․ - «Ամենաքիչը դեղորայքի վրա ենք խնայում, աշխատում ենք լույսի, աշխատում ենք ջրի․․․ դրանց վրա: Աշխատավարձն ու դեղորայքը հաստատ չենք խնայում»:

21 հազար բնակչի սպասարկող բուժհիմնարկում վերանորոգված է միայն ամբուլատորիայի հատվածը: 2015-ին Համաշխարհային բանկի ֆինանասավորմամբ է նորոգվել։

Վերադառնալով ՀԷՑ-ի պարտքի թեմային՝ նշենք, որ բուժանձնակազմը նամակով դիմել է ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին՝ խնդրելով սառեցնել նախկին պարտքը։ 2 ամիս առաջ ուղարկված նամակին, սակայն, ռուսաստանաբնակ գործարարը դեռ չի պատասխանել։

«Ազատությունը» ևս դիմեց ՀԷՑ-ին․ ընկերության մամուլի պատասխանատու Նատալիա Սարջանայնը խոստացավ տեղեկությունը ճշտելու դեպքում հայտնել դրա մասին։

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ում ենթակայության տակ է գործում հիվանդանոցը, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իրենք ֆինանսական միջոցներ չունեն հիվանդանոցին օգնելու համար, բայց Առողջապահության նախարարություն հետ բանակցություններն են վարում իրավիճակը շտկելու ուղղությամբ։

Անդրադառնալով աշխատակիցների սեփական միջոցներով պետական հիմնարկի պարտքը փակելուն՝ Ղահրամանյանն ասաց․ - «Միանշանակ դեմ եմ, որովհետև դա պետական հիմնարկություն է»:

Աշխատավարձից գործատուին պարբերաբար նվիրատվություն անելու մեջ միտում է տեսնում աշխատանքային իրավունքի մասնագետ, Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը («Ծառուկյան» դաշինք)։ Նա նշում է, որ օրենքն իրականում չի արգելում սեփական աշխատավարձից հանգանակում անել, բայց, ըստ նրա, սովորաբար նման երևույթները հակասում են աշխատողների ներքին կամքին․ - «Որքանո՞վ է տրամաբանական, որ աշխատողը նվիրատվություն կատարի գործատուին: Եվ այստեղից է ծնվում այն միանգամայն հնարավոր կասկածը, որ այդ նվիրատվությունը առերևույթ, զուտ ձևական, իրավաբանական առումով չի հակասում օրենքին, բայց իրականում, փաստական առումով վստահաբար կարող եմ ասել, որ հակասել է աշխատողների ներքին կամքին: Եթե հաշվի առնենք նաև այն, որ գործատուն պետական կազմակերպություն է, էդ ինչ մի աշխատավարձ են ստանում բժիշկները կամ սանիտարները, ովքեր նաև պատրաստ լինեն իրենց կողմից նվիրատվություն կատարել բժշկական հիմնարկի օգտին»:

Պետրոսյանի խոսքով, երբեմն աշխատողները լուռ համաձայնում են գործատուի առաջադրած պայմաններին՝ իրենց տեղը չկորցնելու համար։

Աշխատանքային իրավունքի մասնագետը նաև նշում է․ Հայաստանն իրեն հռչակել է սոցիալական պետություն, բայց իրականում բեռը դնում է քաղաքացիների վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG