Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ղարաբաղյան շփման գծում հրադադարի վերջին խախտումներով, որոնց հետևանքով անցած շաբաթ բազմաթիվ զոհեր եղան։ Այդ մասին այսօր հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Հորդորում ենք կողմերին խուսափել սրացումից և խրախուսում ենք շփման գծի ու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով լարվածությունը նվազեցնելու միջոցների անհապաղ քննարկումը», - ասված է Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթի հրապարակած հայտարարությունում։
Հիշեցնելով, որ հունիսի 19-ի հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել վերստին ներգրավվել ըստ էության բանակցություններում` բարեխղճորեն և քաղաքական կամքով, և ընդգծել են, որ այդպիսի բանակցությունները միակ ուղին են՝ խաղաղություն բերելու տարածաշրջանի մարդկանց, ովքեր ակնկալում են և արժանի են առաջընթացի դեպի հակամարտության կարգավորում, Պետդեպարտամենտը շեշտում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ինտենսիվորեն աշխատել կողմերի հետ։
«Մեր վաղեմի քաղաքականությունը, որում Մինսկի խմբի համանախագահները համակարծիք են, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի վրա, ներառյալ՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը, հատկապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները», - ասված է հայտարարությունում։
Անցած շաբաթավերջին շփման գծում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի չորս զինծառայողներ զոհվեցին, ևս երեքը վիրավորվեցին, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է մնում։ Ադրբեջանական կողմը ուրբաթ օրը հաղորդեց իր մի զինծառայողի զոհվելու մասին։
Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում միջնորդություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներն են։
Հիշեցնենք՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել շփման գծում հրադադարի խախտումների քննության մեխանիզմների ներդրման և ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին: Այդ համաձայնությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը քանիցս շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայկական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնում դրանք կատարել, մինչդեռ Ադրբեջանը խոչընդոտում է դրանց իրականացումը: