Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն իրավաչափ համարեց դիմում-բողոքները մերժելու մասին ՏԸՀ-ների որոշումները


Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից երկուևկես ամիս է անցել, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ շարունակում է հնարավոր խախտումների մասին դիմումների քննությունը։

Այսօր կայացած արտահերթ նիստի ժամանակ ԿԸՀ-ն մերժեց «Իրավունքի Եվրոպա», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպությունների և դրանց դիտորդների 15 դիմում։ Հասարակական կազմակերպությունների համոզմամբ՝ տեղամասերում քվեարկության օրը տեղի են ունեցել մի շարք խախտումներ՝ ուղղորդված քվեարկությունից մինչև դիտորդների նկատմամբ ճնշումների գործադրում։

Նախկինում դիմումները քննվել էին տարածքային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ)։ Սակայն դիմողները դրանց որոշումները բողոքարկել էին ԿԸՀ։ Տիգրան Մուկուչյանի ղեկավարած հանձնաժողովը հայտնաբերել էր վարչական վարույթի իրականացման թերություններ ու անվավեր ճանաչվել տարածքային հանձնաժողովի նախկինում կայացրած որոշումները։

«Դրանից հետո տարածքային հանձնաժողովները նոր քննություն էին իրականացրել և կայացրել համապատասխան որոշումներ: Եվ հիմա բողոքարկման վարույթի շրջանակներում մենք քննարկում էինք այդ որոշումների իրավաչափությունը: Եվ հանձնաժողովը եկավ այն դիրքորոշման, որ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները իրավաչափ որոշումներ են», - նիստից հետո լրագրողներին ասաց Մուկուչյանը:

Հնարավոր խախտումների ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա հանձնաժողովը չքննարկեց՝ հաշվի առնելով, որ ապրիլի 9-ին դրանք ամփոփվել են, հետևաբար արդյունքների վրա ազդեցությունը քննարկելու և գնահատելու պահանջները սպառված են։

«Ազատության» հետ զրույցում «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հակադարձեց, թե դիմումները ներկայացվել են հենց ապրիլի 9-ին, արդյունքներն ամփոփող նիստից առաջ․ - «Երբ այդ դիմումները ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջին անգամ, դիմումները ակտուալ են եղել, և այդ դիմումներում նշված ընտրական խախտումների վերաբերյալ գնահատականն էական է եղել, քանի որ ընտրությունների արդյունքներն այն ժամանակ դեռ ամփոփված չեն եղել: Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է դրանք ընդունել»:

Երեք կազմակերպություններից ԿԸՀ էին եկել միայն երկու լիազոր ներկայացուցիչ։ «Իրավունքի Եվրոպա»-ի լիազոր ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը որոշման հրապարակումից հետո ցանկացավ հայտարարություն անել, ԿԸՀ անդամները, սակայն, նրան չլսեցին․ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, թե նիստի օրակարգը սպառվել է:

«Ոս ուղղակի մինչ ավարտը ուզում եմ հայտարարությունս, այնուամենայնիվ, անել, որովհետև փաստացի Դուք անհարգալից վերաբերմունք դրսևորեցիք թեկուզ էն առումով, որ ես մինչև քվեարկության դնելը Ձեր կողմից քվեարկության դնելը փաստացի այստեղ ելույթ եմ ունենում, բայց Դուք այդքան նույնիսկ հարգանք չունեցաք, որ մի հատ լսեք, թե ես այստեղ ինչ եմ ասում, ինչ հայտարարություններ եմ կատարում: Դա խոսում է ընդհանուր ձեր գործելաոճի մասին», - ասաց Կիվիրյանը:

Հայտարարությունում նա ԿԸՀ գործունեությանը գնահատական էր հնչեցնելու։ Նա վստահ է, որ ԿԸՀ անդամները հաճախ չեն էլ ծանոթանում դիմում-բողոքների բովանդակությանը՝ նախապես իմանալով, որ միևնույն է պետք է քվեարկեն մերժելու օգտին․ - «Այն իրավիճակը, որը տիրում է փաստացի այս նիստերի ընթացքում, չի գոհացնում մեզ, որովհետև տեսնում ենք, որ ինչ-որ ձևական ընդամենը քննարկումներ են տեղի ունենում: Իմ համար մի քիչ զարմանալի է, թե ինչպես կարող են հարյուրավոր դիմում-բողոքներ ներկայացված լինելու պայմաններում փաստացի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ մի լուրջ խախտում, ստացվում է, չի արձանագրել»:

Տիգրան Եգորյանը հայտարարեց, թե ԿԸՀ-ի այս կազմը սպառել է իրեն և ձախողել հանձնաժողովի բուն առաքելությունը, ուստի սպասելիքներ իրենք չունեին, որովհետև կանխատեսելի էր, որ 15 դիմումն էլ մերժելու են։

Եգորյանն ասաց, որ եռօրյա ժամկետում դիմելու են վարչական դատարան՝ կրկին առանց արդարադատության կայացման ակնկալիքի․ - «Ցավոք սրտի, նաև ընտրական վեճերով դատարանների դիրքորոշումն էլ է մեզ հայտնի, և մեզ այլ քայլ չի մնում, քան սպառել ներպետական ատյանները և փորձել իրավունքի պաշտպանություն հայցել Եվրոպական դատարանում»:

XS
SM
MD
LG