Ընդդիմադիրները չեն բացառում, որ որևէ պատրվակով Հայաստանի իշխանությունները կարող են հրաժարվել այս աշնանը Եվրամիության հետ քաղաքական համաձայնագրի ստորագրումից:
Այս առումով ընդդիմադիր պատգամավորները պատահական չեն համարում Եվրամիության դեսպանի և իշխող Հանրապետականի միջև վերջին օրերին ծավալված սուր բանավեճն ու փոխադարձ քննադատությունները։
Հիշեցնենք, Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին քննադատեց խորհրդարանական ընտրությունները, որին հետևեց իշխանության կոշտ արձագանքը, թե «Հայաստանը ինքնիշխան երկիր է և դեսպանն իրավունք չունի միջամտել Հայաստանի ներքին գործերին», ապա՝ Սվիտալսկին, չբացելով փակագծերը, հակադարձեց՝ «Հայաստանի ինքնիշխանության հետ կապված վտանգները պետք է փնտրել այլ տեղ»։
Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը բացում է փակագծերը՝ այդօրինակ վտանգները պետք է սպասել Ռուսաստանից, չբացառելով, որ Ասոցացման համաձայնագրի օրինակով Հայաստանն այս աշնանը նույնպես ետ կանգնի Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումից:
«Ազատություն». - Կարծում եք, որ մեր ինքնիշխանության վտանգները պետք է Ռուսաստանի՞ց սպասել։
Սարգսյան. - Ոչ միայն կարծում եմ, ես ակնհայտ դա տեսնում եմ` թե՛ էներգետիկայի ոլորտում, թե՛ ռազմական ոլորտում, թե՛ տնտեսական ոլորտում, թե՛ կառավարման մոդելների ոլորտում, թե՛ ժողովրդավարության ոլորտում միանշանակ, թե՛ Եվրասիական տնտեսական միությունում, ես այդ մասին բազմաթիվ անգամներ բարձրաձայնել եմ մինչև հարգարժան պարոն Սվիտալսկին։
«Ազատություն». - Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իշխանությունները նման կոշտ արձագանք տվեցին Սվիտալսկուն։ Արդյո՞ք Դուք մտավախություն ունեք, որ հնարավոր է ի վերջո ինչ-որ մի պատրվակով չստորագրվի Եվրամիության հետ աշնանը սպասվելիք համաձայնագիրը։
Սարգսյան. - Այո՛, մտավախություն ունեմ, ես համոզված եմ նաև, որ իշխանության տարբեր թևեր, մասնավորապես, պարոն Շարմազանովը և Դավիթ Հարությունյանը նման բաներն ինքնուրույն չեն որոշում և ասում, դա, վստահաբար, Սերժ Սարգսյանից և արտգործնախարարությունից հրահանգ էր իջել, որ պատասխանել է պետք ու կոշտ է պատասխանել պետք։ Հավանաբար ինչ-որ տեղ Եվրամիության դեսպանը շատ պինդ էր սեղմել ինչ-որ մեկի ոտքը։
«Ազատություն». - Այսինքն՝ Դուք մտավախություն ունե՞ք, որ Ռուսաստանի ճնշման ներքո այդ համաձայնագիրը չի ստորագրվի, ինչպես տեղի ունեցավ Ասոցացման համաձայնագրի դեպքում։
Սարգսյան. - Աչքը տեսածից միշտ էլ վախենում է՝ այո՛։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, խորհրդարանի Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նույնպես նման մտահոգություններ ունի, սակայն վերջինս նշում է, որ, իր ունեցած տեղեկություններով, Հայաստանն աշնանը Եվրամիության հետ կնքվելիք համաձայնագրի խնդրահարույց դրույթները համաձայնեցրել է 3-րդ կողմի՝ Ռուսաստանի հետ:
Զոհրաբյան. - Արտառոց է իշխանության տարբեր ներկայացուցիչների, կներեք այս բառի համար, շատ դեպքերում ոչ-ադեկվատ արձագանքը Սվիտալսկու հայտարարություններին։ Ես ընդհանրապես հիմա կոչ եմ անում իշխանության ներկայացուցիչներին՝ հանգիստ թողեք Սվիտալսկուն։ Եթե սա ինչ-որ մի ենթատեքստ ունի, որը միտված է, օրինակ, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրվելիք փաստաթղթին, և ինչ-որ մի պրոցես է խմորվում, որովհետև ես հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչի համար է այս ամենն արվում։
«Ազատություն». - Մտավախություն ունեք, որ չե՞ն ցանկանում ստորագրել համաձայնագիրը։
Զոհրաբյան. - Դա կլինի ամենավերջին աբսուրդը, եթե չստորագրվի։ Ես հույս ունեմ, որ այդպիսի բան չի լինի, որովհետև նոր համաձայնագրի քաղաքական կոմպոնենտը Ասոցացման համաձայնագրի քաղաքական կոմպոնենտն է, հիմնական խնդիրները եղել են խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ, որը հակասել է Մաքսային միության այժմ արդեն եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին մեր ստանձնած պարտավորություններին։ Որքան ես եմ տեղյակ, այդ հատվածի խնդիրները, որպեսզի միմյանց չհակասեն, դրանք բոլորն, իմ տեղեկությամբ, քննարկվել են նաև երրորդ կողմի հետ, ուստի այս պահի դրությամբ ես չեմ տեսնում որևէ ռիսկ, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը չստորագրվի։
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն, ով, ի դեպ, նույնպես Եվրամիության դեսպանի հայտարարություններին կոշտ էր արձագանքել` հորդորելով նրան չմիջամտել Հայաստանի ներքին գործերին, այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, թե որևէ նախադրյալ չի տեսնում, որ Ռուսաստանի ճնշման ներքո Եվրամիության հետ աշնանը սպասվելիք համաձայնագրի ստորագրումը չեղյալ հայտարարվի:
«Ազատություն». - Բազմաթիվ պատգամավորներ մտավախություն են հայտնում, որ, ըստ էության, գուցե հարցականի տակ է աշնանը ստորագրվելիք Եվրամիության հետ համաձայնագիրը, և սրանով է նաև պայմանավորված Ձեր կոշտ գնահատականը, հակառակ դեպքում Դուք նման հայտարարություն չէիք անի։
Հարությունյան. - Ես կարծում եմ, որ սա արդեն վառ երևակայության արդյունք է։
«Ազատություն». - Որևէ խնդիր չկա՞ համաձայնագրի ստորագրման հետ կապված։
Հարությունյան. - Ես չեմ տեսնում որևէ խնդիր, բացի զուտ աշխատանքային խնդիրներից, որոնք սովորական ընթացքով ընթանում են առաջ։
«Ազատություն». - Ես նկատի ունեմ Ռուսաստանի կողմից հնարավո՞ր է ճնշումներ բանեցվեն, որոնց արդյունքում, ինչպես որ Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից, կարող է հրաժարվել նաև այս նոր համաձայնագրից։
Հարությունյան. - Ես որևէ նախադրյալ չեմ տեսնում։
Ի դեպ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չցանկացավ արձագանքել Պյոտր Սվիտալսկու այն դիտարկմանը, թե Հայաստանը իր ինքնիշխանության հետ կապված վտանգները պետք է փնտրի այլ տեղ: Հարությունյանը միայն շեշտեց, թե ինչ էր ակնարկում դեսպանը, պետք է նրան հարցնել։ Իսկ շարունակել գնդակը մի դաշտից մյուսը նետելը, ըստ նախարարի, ո՛չ նպատակահարմար է, ո՛չ էլ առավել ևս քաղաքակիրթ մոտեցում։