Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը մեծածավալ ներդրումները հնարավոր է համարում, «եթե լինի ազատ մրցակցություն»


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, Երևան, 21-ը հունիսի, 2017 թ․
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, Երևան, 21-ը հունիսի, 2017 թ․

Հայաստանի առավելապես ռուսական կապիտալի ազդեցության տակ գտնվող էներգետիկ ոլորտում ամերիկյան ընկերությունների կողմից 8 միլիարդ դոլարի հնարավոր ներդրման մասին մոտ 1 ամիս առաջ դեսպան Ռիչարդ Միլսի արած հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք էր տվել:

Հայաստանի էներգետիկ ոլորտում 8 միլիարդ դոլարի ներդրման հնարավորության մասին հայտարարությունը վերաբերել է առկա ներուժին: Այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, պարզաբանելով իր մոտ 1 ամիս առաջ հնչեցրած հայտարարությունը, ասաց Միացյալ Նահանգների դեսպանը: Նրա խոսքով՝ Հայաստանում նման մեծածավալ ներդրումների համար անհրաժեշտ է ազատ մրցակցության և բաց շուկայի ապահովում:

«Այդ թիվն այն հնարավորությունն է, որը կարող է ներդրվել այստեղ, եթե շուկաները, հատկապես էլեկտրաէներգիայի շուկան, ամբողջապես բաց լինեն, լինի ազատ մրցակցություն, ինչպես նաև չլինեն խոչընդոտներ դեպի Վրաստան, Իրան և հարավային ուղղությամբ էներգիայի արտահանման համար: Դա շա՛տ շա՛տ կարևոր է, և պետք է ենթակառուցվածքներ ստեղծված լինեն դրա համար»,- ասաց դեսպան Միլսը:

Հայաստանյան էներգետիկ ոլորտում ռուսական կապիտալի զգալի ներկայության պայմաններում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ոլորտում 8 միլիարդ դոլարի հնարավոր ներդրման մասին՝ մեծ աղմուկ էր բարձրացրել: Այսօր դեսպան Միլսն ընդգծեց՝ 8 միլիարդ դոլարի հաշվարկն իրականացրել է Հայաստանի էներգետիկայի նախարարությունը, իսկ ամերիկյան դեսպանատան ուսումնասիրություններն էլ փաստում են, որ նման ծավալի ներուժ առկա է:

«Նշված 8 միլիարդի ներդրման մի մասը նախատեսում է ենթակառուցվածքների կառուցում, մասնավորապես, համապատասխան կայանների կառուցումը, որպեսզի հոսանքը փոխանցվի Վրաստան: Այդ գումարի մի մասն էլ կանաչ՝ վերականգնվող էներգետիկայի օգտագործմանը կարող է ուղղվել: Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգիայի զարգացման համար, և ամերիկյան ներդրողների, ամերիկյան ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն կա՝ այստեղ գալու և այդ ոլորտը զարգացնելու առումով»,- այսօր ասաց Միլսը:

Միացյալ Նահանգների դեսպանն այսօր լրագրողների հետ զրույցում նաև տեղեկացրեց, որ վերջերս արդյունավետ հանդիպում է ունեցել Հայաստանի էներգետիկայի նախարարի հետ, ով ներկայացրել է երկու ներդրումային ծրագիր՝ թափոնների մշակմամբ էներգիայի արտադրության և հիդրոէլեկտրակայանների զարգացման ոլորտում: Միլսը տեղեկացրեց, որ այժմ այդ ծրագրերը ներկայացվում են ամերիկյան ներդրողներին:

ԱՄՆ դեսպանն այսօր մասնակցում էր Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի և Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կազմակերպած քննարկմանը: Դեսպան Միլսը մատնանշեց, թե հիմնականում ինչ խնդիրների են բախվում ամերիկյան ներդրողները Հայաստանում․ «Մի շարք խնդիրներ կան, սկսած մտավոր սեփականության պաշտպանությունից, մինչև արդար մրցակցության ապահովումն ու պայմանագրային պարտավորությունների կատարումը»:

Դեսպանն իր խոսքն ամփոփեց հետևյալ ընդգծմամբ՝ տնտեսական մրցակցությունը վերահսկող հանձնաժողովի գործը շատ դժվարին է, քանի որ արդար մրցակցության ապահովումը կարող է քաղաքական առումով զգայուն լինել և հակադրվել որոշ արմատացած շահերի, սակայն առանց դրա արտերկրյա ներդրումներ հնարավոր չեն: «Ազատ և մրցակցային շուկան, ինչպես գիտենք, ռեսուրսների տրամադրման ամենաարդյունավետ ճանապարհն է: Դա հնարավորություն է տալիս հայաստանյան հանրության բոլոր շերտերին՝ հասնելու տնտեսական հաջողության, և սա է ամերիկյան և արտերկրյա այլ ներդրումներ ներգրավելու բանալին»,- ասաց Ռիչարդ Միլսը:

1954 թվականից արագ սննդի սպասարկմամբ զբաղվող ամերիկյան «Բուրգեր քինգ» ընկերությունը, որը գործունեություն է ծավալել աշխարհի բազմաթիվ երկրներում, Հայաստանում ապրանքային նշանի օգտագործման խնդիրներ է ունեցել: Հայաստանյան «Վալետտա» ընկերությունը դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ պնդելով, որ ամերիկյան ընկերությունն իրավասու չէ օգտագործել «Բուրգեր Քինգ» ապրանքային նշանը, քանի որ այդ իրավունքը 2006 թվականի գրանցմամբ իրենց է պատկանում: Սակայն այսօր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ իրենք որոշում են կայացրել հօգուտ ամերիկյան կապիտալով ընկերության:

««Վալետտա» ընկերության բողոքն ընդդեմ «Բուրգեր Արմ»-ի արդարացի չէ, «Բուրգեր Արմ» ընկերությունն աշխատում է ամբողջությամբ հետևելով բարեխիղճ վարքագծի կանոններին և լիարժեք հանդիսանում է «Բուրգեր քինգ» ապրանքանշանի իրավատերը: Մեր ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ այս ճամապարհով «Վալետտա» ընկերությունը փորձում է սահմանափակել և մուտքի խոչընդոտներ ստեղծել «Բուրգեր Արմ» ընկերության գործունեության համար»,- ասաց Արտակ Շաբոյանը:

Հայաստանում խնդիրների է բախվել նաև ամերիկյան մեկ այլ ընկերություն՝ ծրագրային ապահովմամբ զբաղվող «Մայքրոսոֆթ»-ը: Աշխարհահռչակ այս ընկերությունը ՏՄՊՊՀ-ին բողոք է ներկայացրել առ այն, որ համակարգիչների վաճառքով զբաղվող տասնյակ ընկերություններ գնորդներին վաճառում են «Մայքրոսոֆթ»-ի չարտոնագրված տարբերակներ: Արդյունքում՝ ՏՄՊՊՀ-ն շուրջ 60 ընկերության պատասխանատվության է ենթարկել: «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրենը նշեց, որ չարտոնագրված ապրանքների վաճառքի ծավալներով Հայաստանն աշխարհում առաջատար երկրներից է:

«2016- տվյալներով՝ Հայաստանում այդ ցուցանիշը 86 տոկոս է կազմել, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Պետք է ասեմ, որ դրանից ավելի բարձր են միայն Զիմբաբվեի և Վենեսուելայի ցուցանիշները»,- ասաց «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG