«Գայանե» բալետի տապալման մեղավորությունն իր վրա է վերցրել թատրոնի փոխտնօրեններից Նարեկ Անտոնյանը: Այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ բալետի տապալումը որակելով «սադրանք» և «խայտառակություն»։
Հիշեցնենք, հունիսի 8-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պիտի ներկայացվեր Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը։ Ներկայացումը հոբելյանական էր` նվիրված բալետի ստեղծման 75-ամյակին, բայց ներկայացումն այդպես էլ տեղի չունեցավ. նվագախմբի երաժիշտները բոյկոտել էին և հրաժարվել նվագելուց:
Ամիրյանը փոխանցեց, որ մեղավորները պատասխանատվության են ենթարկվել:
«Մենք ստեղծագործական անձնակազմին որևէ ծանուցագիր չէինք ներկայացրել, ծանուցագիր էինք տվել ադմինիստրատիվ անձնակազմի 10 աշխատակցի, այդ թվում՝ 3 փոխտնօրենների: Բացատագրերը հավաքելուց հետո, պարզվեց, որ ծանուցագիր ստացած փոխտնօրեններից մեկը դիմում էր գրել աշխատանքից ազատվելու համար՝ վերցնելով կազմակերպման մեղավորությունն իր վրա՝ Նարեկ Անտոնյան: Նրանք, ովքեր չէին եղել նվագախմբի համար նախատեսված տեղում, ստացան խիստ նկատողություն և զրկվեցին ընթացիկ հավելավճարներից, նրանք, ովքեր ներկա էին եղել, ստացան հավելավ֊ճարները», - ասաց մշակույթի նախարարը:
Ամիրյանի պնդմամբ՝ խիստ կարգ ու կանոն է սահմանված. Օպերային թատրոնը ներկայացումը սկսում է ամենաուշը ժամը 19:01-ին՝ առավելագույնը 1 րոպե ուշացումով:
Նախարարը հավելեց, որ սադրողները բալետային խմբին ասել էին՝ նվագախումը չի նվագում, նվագախմբին ասել էին՝ բալետային խումբը չի պարում:
Հարցին, թե ո՞րն էր պատճառը, նախարարն ասրձագանքեց՝ հաշվեհարդար կրճատումների դեմ ադմինիստրատիվ աշխատողների կողմից:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․