Մատչելիության հղումներ

«Հայ-վրացական հարաբերություններն այսօր գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա»


Հայ-վրացական հարաբերություններն այսօր գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա, այսօր փաստել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Վրաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գիա Կանչելին՝ նշելով, որ տարեցտարի առավել ամրապնդվում և խորանում են բարիդրացիական կապերը երկու ժողովուրդների միջև։

Գիա Կանչելին ժամանել է Հայաստան հունիսի 18-20-ը Երևանում անցկացվող` Կանչելիին նվիրված փառատոնին մասնակցելու նպատակով: Այսօր վրաց կոմպոզիտորին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ է ավագ սերնդի ներկայացուցիչների, այդ թվում՝ անվանի մարդկանց մեծ բարեկամության օրինակների վրա շարունակել կրթել ու դաստիարակել երիտասարդ սերնդին՝ խրախուսելով ակտիվ շփումները մշակույթի ոլորտում:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալելու ճանաչված կոմպոզիտորին, ով իր մեծ ներդրումն ունի հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում:

Գիա Կանչելին նշել է, որ իր ստեղծագործական գործունեության մի զգալի ժամանակահատված ուղղակիորեն կապված է Հայաստանի հետ՝ իր յոթ սիմֆոնիաներից վեցը գրել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը և այդ կապակցությամբ երկար ժամանակ է անցկացրել Հայաստանում՝ ձեռք բերելով անկրկնելի ընկերներ հայ կոմպոզիտորների շրջանում:

Անվանի մտավորականը ջերմությամբ է հիշել նրանց հետ հանդիպումներն ու շփումները՝ ընդգծելով, որ դրանցով մինչ այսօր հպարտանում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG